Ով է որպես դիվերսանտ ներկայացված քաղաքացին. ինչ է պատմում Տավուշի մարզպետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, որում պատկերված անձին ներկայացնում են որպես ՀՀ քաղաքացի: Ըստ տեղեկությունների, նա ասել է, թե իր անունը «Զավեն Կարապետյան է, ծնված 1974թ. նոյեմբերի 16-ին Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղում, գյուղացի է»:

Սակայն Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե իրենց գյուղում նման անձ չկա: Իսկ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսպես մեկնաբանեց. «Հայկական զինված ուժերը որևէ դիվերսիա չի իրականացրել և որևէ դիվերսանտի կորուստ չունի: Մենք նման դիվերսանտ չունենք և չենք էլ ունեցել»:

ArmLur.am-ը զրուցեց նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ, ով վստահեցրեց, որ իրենց մարզում այդպիսի անուն-ազգանունով մարդ չկա: Նրա խոսքով, մինչ այս պահը մարզի բնակիչներից որևէ մեկը հայտարարություն չի տվել, որ իրենց բարեկամներից մեկը կորել է: «Հիմա ձեզ վստահեցնում եմ և պաշտոնապես հայտարարում եմ, որ Դովեղ համայնքում նման անուն-ազգանունով մարդ չկա: Ես զրուցել եմ գյուղապետի հետ, նա ասել է, որ իրենց մոտ նման անուն-ազգանունով և արտաքինով մարդ չկա»:




Լրահոս