Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը նախատեսում է բարելավել Գնիշիկ լանդշաֆտային հատուկ պահպանվող տարածքի էկոմիջավայրը: Հիմնադրամը հատուկ ուշադրություն է դարձնում հայկական մուֆլոնի, բեզոարյան այծի եւ ընձառյուծի ապրելավայրերի պահպանությանը: Բացի այս, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը նախատեսում է նաեւ տաս տարիների ընթացքում Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում ներդնել 236 հազար եվրոյին համարժեք դրամ:
Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի խոսքերով, Խաչիկ գյուղի եւ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի միջեւ արդեն կնքվել է Խաչիկի վայրի կենդանիների ապրելավայրերի կայուն կառավարման 10-ամյա պայմանագիրը:
Ըստ Մանվելյանի` այս տարածքը համարվում է խոշոր կաթնասունների տարածք հիմնական թիրախային տեսակներն այստեղ կովկասյան ընձառյուծն է, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը եւ գորշ արջը: Խաչիկ գյուղը հենց այս պահպանվող տարածքում էկոմիջանցքի մի հատվածն է: Իսկ Էկոլոգիական միջանցքների ինտեգրման եւ ընդլայնման արդյունքում կենդանիները, հիմնականում խոշոր կաթնասունները կկարողանան անվտանգ միգրացիա անել մի պահպանվող տարածքից մյուսը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Ենոքյան