Ինչ է ենթադրում Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը. սին խոստումնե՞ր, թե՞ արդյունավետ քայլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին»,  և «Ազդարարման համակարգի մասին» օրենքների նախագծերը, որոնք խորհրդարանը վերջերս էր ընդունել:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն հունիսի 9-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։ Նախագիծն ընդունվել էր միաձայն՝ 92 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 5 անդամից բաղկացած պետական մարմին է լինելու: Այն հետևելու է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների պահպանմանը, կքնննի շահերի բախմանը, էթիկայի կանոնների խախտումներին առնչվող դիմումները, կստուգի և կվերլուծի պաշտոնյաների հայտարարագրերը:

Այս օրինագծով նախատեսվում է ներդնել նաև ազդարարների համակարգ և անանուն հաղորդումների միասնական էլեկտրոնային հարթակ: Օրենքի շրջանակներում ազդարար է կոչվելու այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի, շահերի բախման և հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ:

Մարմինը գործելու է հակակոռուպցիոն մարմինների արդյունավետ գործունեության համար երաշխիք հանդիսացող ինքնավարության, ֆինանսական ինքնուրույնության, հանրային հաշվետվողականության և թափանցիկության, համագործակցության, կոլեգիալության և քաղաքական չեզոքության սկզբունքներին համահունչ: Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմինն օժտված կլինի նաև անհրաժեշտ գործիքակազմով և լծակներով, գործիքակազմի կարևորագույն տարրերից մեկն էլ պատասխանատվության միջոցներ կիրառելու կարողությունն է:

Բացի այդ, հայտարարագրման հետ կապված պահանջները խախտելու դեպքում մարմինն անմիջականորեն կիրառելու է պատժամիջոցներ: Նախագծերի փաթեթով իրենց կարգավորումն են ստացել նաև կոռուպցիայի կանխարգելման բաղադրատարրեր հանդիսացող այնպիսի ինստիտուտներ, ինչպիսիք են շահերի բախումը, ակտիվների, եկամուտների, շահերի հայտարարագրումը, էթիկայի կանոնները, անհամատեղելիության պահանջները, կիրառվող այլ սահմանափակումները և նվերներ ընդունելու արգելքը:

Ընդլայնվում է նաև այն անձանց ցանկը, որոնք պարտավոր են հայտարարագրեր ներկայացնել. Ներկայիս 500 պաշտոնատար անձանց կավելանան շուրջ 2,2 հազարը: Բացի այդ, ամեն տարի մինչև ապրիլի 1-ը գլխավոր դատախազը երկրի խորհրդարանին պետք է հաշվետվություն ներկայացնիկոռուպցիայի դեմ պայքարի գործում կատարված աշխատանքի մասին:




Լրահոս