«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում «Սասնա ծռեր» խմբի հինգ անդամների՝ Գագիկ Եղիազարյանին, Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին եւ Մխիթար Ավետիսյանին ծեծի ենթարկելու օպերացիան ղեկավարել է Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ղազարյանը:
Այս մասին իրենց պաշտպաններին հայտնել են «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը եւ Մխիթար Ավետիսյանը: Նրանք պատմել են, որ հենց փոխգնդապետն է եղել առաջին ծեծողն ու «օպերացիան» ղեկավարողը: Մասնավորապես, Գագիկ Եղիազարյանի պաշտպան Լուսինե Հակոբյանը մեր զրույցում պատմեց. «Գագիկ Եղիազարյանն այդ փոխգնդապետին նույնականացրել է Շենգավիթի դատարանում տեղի ունեցած նիստի ժամանակ Սեֆիլյանին քաշելով դահլիճից հեռացնող փոխգնդապետի հետ: Այդ անձն է եղել այպես կոչված օպերացիայի պատասխանատուն, երբ որ Գագիկ Եղիազարյանը պահանջել է, որպեսզի ընկերներին չհարվածեն եւ բռնության չենթարկեն, այդ անձը մի 10 ուղեկցողների հետ միասին մուտք է գործել Եղիազարյանի խուց եւ սկսել ծեծի ենթարկել նրան»,- պատմեց փաստաբանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: