Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Ամբողջ քննարկումը բուռն ընթացք ունեցավ, քանի որ պատգամավորները մտահոգություններ ունեին, ԱԺ շենքի դիմաց էլ բնապահպաններն էին իրենց բողոքը ցույցի տեսքով արտահայտում: Սակայն այս ամբողջ աղմուկի ֆոնին աննկատ մնաց մի շատ կարևոր հանգամանք: Այն, որ բնապահպանական առումով կարևոր նշանակություն ունեցող նախագծին մի շարք առարկություններ է ներկայացվել և բացասական եզրակացություն է տվել ՀՀ բնապահպանության նախարարությունը:
Կարող ենք փաստել, որ պատմության մեջ թերևս առաջին անգամ է, որ նախարարը հակադրվում է կառավարությանը: Նախարար Արծվիկ Մինասյանը ոչ միայն բացասական եզրակացություն է տվել, իր մտահոգություններն առաջարկել, այլ նաև Ազգային ժողովում երեկ չմասնակցեց այդ կարևոր նախագծի քննարկմանը: Խորհրդարանում հարցը ներկայացրեց Կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Այսպիսի իրավիճակ, եթե անգամ նկատվել է, ապա թերեւս մատների վրա կարելի է հաշվել: Ի դեպ, եւս մեկ ուշագրավ զուգադիպություն. երկուշաբթի` ԱԺ գյուղատնտեսական հանձնաժողովի նիստին ՀՅԴ-ն դեմ էր քվեարկել Սեւանա ջրի բացթողնման հարցին: Սակայն ընդամենը մեկ օր անց` երեքշաբթի, ՀՅԴ-ականները կողմ քվեարկեցին աղմկահարույց նախագծին: Թե ինչով էր պայմանավորված նման հեղաշրջումը, դժվար է ասել:
Սակայն նախարար Արծվիկ Մինասյանն այդպես էլ սկզբունքային մնաց և չներկայացավ նիստին: