Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններն այն մասին, թե ադրբեջանցիները թիրախային հարվածներ են հասցրել՝ պատճառելով կենդանի ուժի և տեխնիկայի կորուստ:
Արցախի ՊԲ-ի տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածված հաղորդագրությունը, թե իբր հերթական սադրանքն իրականացնելու համար արցախյան զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության, ինչին ի պատասխան ադրբեջանական ուժերը թիրախային կրակային հարվածներ են հասցրել՝ շարքից հանելով մեծ քանակությամբ կենդանի ուժ, մի քանի միավոր ռազմական տեխնիկա և ռազմական նշանակության օբյեկտների ենթակառուցվածքներ, հերթական ապատեղեկատվություն է: Պարզապես ադրբեջանական կողմն, իր սովորության համաձայն ցանկալին ներկայացնում է իրականության փոխարեն:
Առաջնագծում ստեղծված օպերատիվ իրադրության մասին մենք արդեն այսօր տեղեկացրել ենք:
Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրն ու առաջնագծում ապահովել լիարժեք վերահսկողություն»: