ՖՈՏՈ. «Նայում ես ժանգոտած կարուսելին ու սարսափում». ինչքանով են անվտանգ Վանաձորի կարուսելները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի Երկաթուղայինների անվան զբոսայգին թերևս միակն է մարզկենտրոնում, որ կարուսելներ ունի: Իսկ որքանով են դրանք անվտանգ, երբ են վերջին անգամ անցել համապատասխան փորձաքննություն ու քանի տարվա արտադրության են: Այս հարցերն այսօր հուզում են, թերևս, այգի այցելող ու ատրակցիոններից օգտվող բոլոր մարդկանց: ArmԼur.am-ի հետ զրույցում զբոսայգում կարուսելները շահագործող ընկերության տնօրեն Արմեն Աբրահամյանն ասաց, որ այգու ամենահին կարուսելը շուրջ 20 տարեկան է, ամենանորը՝ 10: Ըստ տնօրենի, ամեն տարի գարնանը բոլոր կարուսելները անցնում են համապատասխան փորձաքննություններ. «Անվտանգությանը խիստ ենք հետևում, մինչ օրս որևէ արտակարգ պատահար այգում չի գրանցվել»,-ասաց նա:

Չնայած տնօրենը վստահեցնում է տարվող համապատասխան աշխատանքների մասին, սակայն կարուսելներից շատերի մաշվածությունը թերևս վախ է ներշնչում այգում իրենց ժամանցն անցկացնող երեխաների ծնողներին. «Նայում ես ժանգոտած կարուսելին ու սարսափում ես, մտածում ես, թե ուր որ է կամ կխափանվի, կամ էլ կպոկվի կընկնի»,-մեզ հետ զրույցում ասած տիկին Արմինեն, ով այգում զբոսնում էր թոռնուհու հետ. «Վանաձորում մենակ էստեղ ա, որ կարուսելներ կան, ուրիշ այլընտրանք մարդիկ չունեն, ինչ արած, ստիպված ենք օգտվում, լավ է գոնե սա էլ կա…»:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս