ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են մեքենաների առքուվաճառքի պատրվակով, խաբեությամբ կատարված մի շարք հափշտակություններ. առաջադրվել է մեղադրանք:
Երևան քաղաքի բնակչից 2016 թվականի հուլիսին հաղորդում է ստացվել առ այն, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը խաբեությամբ հափշտակել է իր ավտոմեքենան:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունը շարունակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում:
Ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, փաստական տվյալներ ձեռք բերվել առ այն, որ նույն անձի գործողություններից տուժել են բազմաթիվ այլ քաղաքացիներ ևս, պարզվել խարդախությամբ հափշտակություն կատարելու մեխանիզմը:
Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ 1977թ. ծնված տղամարդը, ծանոթանալով «www.list.am» կայքում քաղաքացիների կողմից ավտոմեքենաների վաճառքի և վարձակալության վերաբերյալ տեղադրված հայտարարություններին, առերևույթ հետաքրքրություն է ցուցաբերել համապատասխան գործարքը կատարելու համար: Այնուհետև պայմանավորվածություն է ձեռք բերել տարաժամկետ վճարման պայմանով գնել, վաճառել կամ վարձակալել նրանց ավտոմեքենաները, իսկ վստահություն ձեռք բերելու համար գրել պարտավորագրեր, կնքել պայմանագրեր, տվել կանխավճարներ, ապա չարաշահելով վստահությունը՝ հափշտակել քաղաքացիների գույքը։ Ընդհանուր առմամբ բացահայտվել է նման մեխանիզմով կատարված հափշտակության 13 դրվագ։
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1977թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
ՀՀ քննչական կոմիտե