Այսօր «Կոնգրես» հյուրանոցում ««Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» խորագրով թեմայի քննարկման ժամանակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները իրենց գնահատականները տվեցին Հայաստանում քրեական արդարադատություն իրականացման, իրավունքի սահմանափակման, ամբաստանյալների նկատմամբ բռնությունների, փաստաբանների գործունեությանը խոչընդոտելու, դատարանների և դատավորների անկախության վերաբերյալ:
Քննարկմանը ներկա էին նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները, որոնք նշեցին, որ բարձրացված մտահոգությունները Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում են: Իսկ փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտնեց, որ չնայած Մարդու իրավունքբերի պաշտպանի ուշադրության կենտրոնում են, սակայն, որպես այդպիսին, որեւէ արդյունք տեսանելի չէ առկա խնդիրների լուծման մասով:
Ինչեւէ, քննարկման ժամանակ փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարությամբ հանդես եկավ` հայտնելով, որ քրեակատարողական հիմնարկներում նոր իրավիճակ կա, մասնավորապես, այն, որ թույլ չեն տալիս կալանավորների մոտ լրատվական թերթ տանել:
Փաստաբանը հայտնեց, որ ՔԿՀ-ից պատճառաբանել են, թե թերթերի ծավալը շատ է, այդ պատճառով թույլ չեն տալիս, մինչդեռ ArmLur.am-ի հետ զրույցում Մուշեղ Շուշանյանը հայտնեց, որ սա մեկ նպատակ է հետապնդում` ինֆորմացիայից զրկել կալանավորներին:
Փաստաբանը հայտնեց նաեւ, որ ՔԿ հիմնարկ է տարել «Ժողովուրդ», Առավոտ «Հայկական ժամանակ» եւ Հրապարակ օրաթերթերը: Հավելենք, որ Մուշեղ Շուշանյանը հանդիսանում է «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների գործով մեղադրյալ Վարուժան Ավետիսյանի պաշտպանը:
Ավելի մանրամասն` տեսանյութում: