Վերացավ «շահերի բախումը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գառնի-Երեւան» մայրուղային ջրատարից դեպի Արարատի մարզի Ջրաշեն գյուղի մի հատվածի և «Նուբարաշեն» թռչնաֆաբրիկայի ուղղությամբ ձգվող 100մմ մետաղական ջրագիծը անցնում էր խոշոր ջերմոցային տնտեսության, տնատիրությունների և շինությունների տակով։ Խողովակաշարի վրա առկա էին վթարներ, որոնց վերացումը կապված էր մեծ դժվարությունների հետ: Ինչպես նաև ջերմոցային տնտեսության կողմից անընդհատ կար միջամտություն փականային հանգույցում՝ «իրենց» ջուրը ավելացնելու նպատակով, որի պատճառով էլ ջրագծի պատշաճ շահագործումը դարձել էր գրեթե անհնարին։

Սրանով էլ պայմանավորված, Վեոլիա Ջրի «Արեւելք» տարծաշրջանի տնօրինության «Էրեբունի» տեղամասի կողմից օրերս կառուցվեց այդ սեփականաշնորհված տարածքները շրջանցող 150 մետր երկարությամբ 110մմ տրամագծով պոլիէթիլենային ջրագիծ։ Ընդ որում, ջերմոցային տնտեսության ջրաչափական հանգույցը վերատեղադրվեց իրավասությունների սահմանազատման կետում՝ մայրուղային ջրատարի անմիջական հարեւանությամբ:

Այսպիսիով, վերացավ «շահերի բախումը». տեղի սպառողները շարունակեցին ստանալ հասանելիքը հին ջրագծով, իսկ Ջրաշեն գյուղը և «Նուբարաշեն» թռչնաֆաբրիկան՝ իրենցը՝ նոր խողովակաշարով: Վեոլիա Ջրի խնդիրների թիվ էլ մեկով պակասեց: Ջրմուղագործերն անցան հաջորդ տեղամաս:

Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն




Լրահոս