Վանաձորի կերպարվեստի թանգարանը բացվելէ 1974թ-ին: Ստեղծման օրվանից մինչ օրս թանգարանը երբևէ հիմնանոնորգում չի անցել: Ջեռուցման ու օդափոխության բացակայության հետևանքով թանգարանում պահվող արվեստի գործերի ճակատագիրը վտանգված է:
Կերպարվեստի թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանը ArmLur.am-ի Լոռու թղթակցի հետ զրույցում նշեց, որ չնայած ամեն տարի իրականացվող կոսմետիկ որոշակի նորոգումներին, պատկերասրահի կապիտալ նորոգման խնդիրը շարունակում է մնալ արդիական.
«Ձմռանը սառնամանիք է, ամռանը՝ տոթ: Տարվա 6-7 ամիսներին նկարները գտնվում են վատ վիճակում»,- ասաց տնօրենը` նշելով, որ 65 մետր երկարություն ունեցող եռահարկ շենքի նորոգման համար հսկայական գումարներ են անհրաժեշտ, որն ըստ տնօրենի՝ համայնքը երբեք չի ունեցել ու չի էլ ունենա.
«Այստեղ ավելի շատ պետք է կառավարությունը խառնվի, որպեսզի կարողանանք շենքը համապատասխանեցնել այսօրվա չափանիշներին: Թանգարանն ունի բավականին հարուստ նմուշներ ոչ միայն քանակական, այլև՝ որակական, և այդ գործերը այսօր թողնել այս վիճակում չի կարելի: Մեր ֆոնդերն են ներկայումս վտանգված»:
Ձմռանը տաքացվում են միայն աշխատասենյակները, իսկ անբավարար ջերմաստիճանի պայմաններում վտանգվում է նկարների ու քանդակների ճակատագիրը: Առաջնահերթ, ըստ տնօրենի, պետք է փոխվեն կառույցի ապակիները, որոնք 40 և ավելի տարվա են, և եթե անգամ ջեռուցում լինի, ապա ապակիների անցքերը կսառեցնեն կառույցը. «Նախկին վարչապետներից սկսած` խոստացել են, որ կարվի, բայց մինչև այսօր ոչինչ էլ չի արվել»,- հայտնեց տնօրենը:
Տարիներ առաջ նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը հանձն էր առել նախագիծ կազմել: միայն դիմապակիները փոխելու համար պահանջվել է ավելի քան 120 հազար ԱՄՆ դոլար գումար: Տնօրենի խոսքով՝ վերջին անգամ ոչ ոքի չի դիմել՝ ելնելով Վանաձորում ստեղծված քաղաքական իրավիճակից.
«Քաղաքապետարանն անգամ աշխատավարձերն է ուշացումներով տալիս, ինչ մնաց թե… իսկ պետական մարմիններում հեղհեղուկ վիճակ է: Երբ մի քիչ կոնկրետություն կլինի, այ էդ ժամանակ էլ կդիմենք…»,- ասաց Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանը:
Էդվարդ Արզումանյան
Լոռի