Բենիզնի եւ դիզվառելիքի խոշոր ներկրող ու վաճառող «Սիթի Պետրոլ գրուպ» ընկերությունը հայտնվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում: Ընդ որում ընկերությունն այս ցանկում հայտնվել է 2015 թվականի հոկտեմբերի 8-ից եւ մնալու է մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 8-ը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընկերությունը խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ա ենթակետը: Ըստ այդմ`ընկերությունը ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված պարտավորությունը: Ինչն էլ հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծարմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը:
Օրեր առաջ ArmLur.am-ը գրել էր, որ «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում: Ընկերության հաշվապահը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ պատճառը ֆինանսական խնդիրներն են եղել: Նշենք, որ ընկերությունը ժամանակին բենզինի շուկայում գերիշխող դիրք է զբաղեցրել, որի չարաշահման համար նույնիսկ 2012-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից 100 մլ դրամի չափով տուգանվել է:
Ըստ որոշ տեղեկությունների` հենց ՏՄՊՊՀ-ի 100 մլն դրամ տուգանքն էլ դարձել է ընկերության սնանկացման, ապա լուծարման պատճառ: Հիշեցնենք, որ 2008-ին ստեղծված «Սիթի պետրոլ Գրուպ» ընկերությունը տեւական ժամանակ նույնիսկ եղել է Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում: Ընկերության հիմնադիրը Աշոտ Սալազարյանն էր. Շատերին անծանոթ անուն, բայց նրանց հաջողվում էր մրցույթի միջոցով դառնալ պետական մարմինների բենզինի մատակարար: Հիմա սնանկացավ: