Վերջին օրերի անտառային հրդեհներից հետո, երբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ոչ միայն չկարողացավ կանխարգելել այն, այլեւ մի քանի օր շարունակ հանգցնել կրակը, մեկ հարց է մնում՝ ինչ կլինի մեզ հետ, եթե Հայաստանում ավելի լուրջ արտակարգ իրավիճակներ գրանցվեն:
Համենայն դեպս, այս իշխանությունները ցույց տվեցին, որ պարզապես պատրաստ չեն նման դեպքերին ճիշտ այնպես, ինչպես մոտ մեկ տարի առաջ պատրաստ չէին Արցախյան նոր պատերազմին: Պատրաստ չեն, որովհետեւ պարզվեց՝ չունեին նաեւ հրդեհի դեմ պայքարելու համար անհրաժեշտ տեխնիկա, ու ստիպված են դիմել Ռուսաստանի օգնությանը: Մեկնաբանությունները, թե հրդեհի տարածմանը նպաստել է քամին, ավելին՝ կրակը տարածվել է անանցանելի վայրերում, այնուամենայնիվ, համոզիչ չեն:
ArmLur.am-ը պարզեց, որ վերջին տարիներին գնալով կրճատվել են ԱԻՆ-ին պետական բյուջեից հատկացումները: Եւ այսպես, ըստ պաշտոնական փաստաթղթերի, 2015թ. պետական բյուջեից ԱԻՆ-ին տրվել է 13 մլրդ 324 մլն դրամ, որից միայն 7 մլրդ 292 մլն դրամն ուղղվել է փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանմանը: Հաջորդ տարի՝ 2016թ. այս նախարարությանը բյուջետային հատկացումները կազմել են 11 մլրդ 647 մլն դրամ: Այդ գումարից փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանմանն ուղղվել է 7 մլրդ 443,6 մլն դրամը, իսկ 1 մլրդ 189 մլն դրամն էլ՝ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությանը:
Արդեն այս տարի ԱԻՆ-ին պետական բյուջեից հատկացումներն ավելի են պակասել՝ 11 մլրդ 479,6 մլն դրամ, որից 7 մլրդ 430 մլն դրամն ուղղվել է փրկարար ծառայությանը, 1 մլրդ 161,2 մլն դրամը՝ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությանը: Եւ որ ամենակարեւորն է՝ վերջին տարիներին ԱԻՆ-ի համար ձեռք չեն բերվել նոր տեխնիկասարքավորումներ, եւ ընդհանրապես, նախատեսված էլ չեն եղել: Այնպիսի տպավորություն է, որ իշխանություններն այս ոլորտը մատնել են անուշադրության՝ ԱԻՆ-ի հիմնական գործառույթը համարելով փակված դռները բանալը, հայտնաբերված օձերին անվտանգ տարածք տեղափոխելը կամ էլ ավտովթարների ժամանակ տուժածներին մեքենայից դուրս բերելը: Բայց մյուս կողմից պետք է նկատենք, որ բյուջեից քիչ գումարներ հատկացնելը ԱԻՆ-ի համար չի կարող արդարացում լինել:
Արման Գալոյան