Արդեն մի քանի օր է՝ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում խոշոր հրդեհ է բռնկվել, որը մարելու համար անգամ ՀՀ-ն օգնության է դիմել ՌԴ ԱԻՆ-ին՝ ինքնաթիռ տրամադրելու հարցով: ArmLur.am-ի հետ զրույցում Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը նշեց, թե հրդեհի շատ արագ տարածման պատճառը քամին է եղել:
– Պարո՛ն Անդրեասյան, ինչպես եղավ, որ արգելոցում հրդեհն այսպես արագ տարածվեց:
-Ես գիշեր-ցերեկ այնտեղ եմ եղել: Տարածքը հիմնականում բռնկվել է արգելոցի տարածքում՝ կենտրոնական մասում: Խոսրովի արգելոցի զարկերակն է այրվել: Արգելոցի աշխատողներն այնտեղ խոտ են քաղել, որի իրավունքն իրենք չունեին: Կարծում եմ՝ այդտեղ մարդկային գործոն կա: Արագ բռնկվել է, հիմնականում կուտակված չոր խոտն է եղել, սկզբում գրեթե հանգցրել էինք, բայց միանգամից քամու առկայության դեպքում արագ տարածվել է: Քամին բենզինի նման արագ տարածում է այդ կրակը, որ արդեն մարդն անզոր է անգամ մոտենալու: Տարածքում կար տնկիներ, գիհին շատ արագ բռնկվում է, 500 տարեկան ծառը կարող է մեկ րոպեում այրվել:
– Իսկ այդ պատճառված վնասները հնարավո՞ր է վերականգնել և կենդանիների մասով ինչ կարող է լինել:
– Այդ գիհիները վերականգնելը շատ երկար ժամանակ է պահանջում: Օրինակ 1978 թվականին, որ այրվել է, գիհիներ է եղել, դուք գնացեք, տեսեք մի հատ գիհի վերականգնվա՞ծ կա: Վերականգնվում է, բայց դա մենք չենք տեսնի, մեր սերունդը չի տեսնի: Իսկ կենդանիները միշտ զգույշ են, իրենք կարող են փրկվել, որովհետև ծխի հոտի նկատմամբ զգուշություն ունեն:
– Իսկ հիմա ի՞նչ իրավիճակ է, անձրևը օգնե՞լ է:
– Ես գիշերը նոր եկել եմ այնտեղից, անձրև է եկել, մի փոքր մեղմացել է, բայց օջախներ կան: Մի կողմըՙ որ դեպի Խաչաձոր է գնում, ամբողջությամբ մարվել է, բայց Խոսրովում դեռ օջախներ կան, քանի որ այնտեղ շատ խիտ է: Կարծում եմ, որ անձրևը կմեղմի:
– Պարո′ն Անդրեասյան, փաստորեն մենք պատրաստ չե՞նք նման արտակարգ իրավիճակների:
-Նախ նշեմ, որ նման տարածման պատճառը քամին է եղել: Բայց ասեմ, որ նախ մենք այդ տեխնիկան չունենք: Պատկերացրեք լանջը 45 աստիճան թեքություն ունի, մարդն անգամ այդ բարձրությունը չի կարող բարձրանալ: Նմանատիպ լանջեր են, անտառածածկույթ, այսօր ինքնաթիռ է եկել, բայց մեր լանդշաֆտն այնպիսին է, որ չի կարող այդքան ցածր իջնել: Իհարկե, ուղղաթիռ պետք է ունենայինք, բայց նման նախադեպ չէինք ունեցել:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը