Գագիկ Սուրենյանը` վերջին օրերի եղանակային տատանումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է. «Ինչպես և կանխատեսվել էր օգոստոսի 15-ի երեկոյան ժամերից, օգոստոսի 16-ին և 17-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում դիտվել է անձրև և ամպրոպ, հատկապես առատ տեղումներ են գրանցվել Ամասիայի և Թալինի հատվածում 36-41 մմ։ Որպեսզի պատկերացնեք թե որքան առատ է եղել Թալինի և Ամասիայի հատվածում թափված անձրևը, պետք է ասեմ, որ այն կազմում է Երևանի ամբողջ օգոստոս ամսվա տեղումների միջին քանակի քառապատիկը։

Արարատյան դաշտում, մասնավորապես Խոսրովի արգելոցի հատվածում ցիկլոնը թույլ է արտահայտվել, ինչի հետևանքով այդ հատվածում դիտված անձրևները եղել են համեմատաբար կարճատև և թույլ։ Չնայած հզոր ամպամածության գոտու առակայությանը՝ օդային հոսանքները տեղումնաբեր ամպերը Խոսրովի արգելոցի տարածքից տեղափոխել են Ջերմուկի և Արենիի տարածք, որտեղ դիտվել են առատ անձրևներ։ Արարատյան դաշտում քիչ տեղումները պայմանավորված են եղել նաև տևական ժամանակ խիստ բարձր ջերմային ֆոնով և անձրևազուրկ օրերով, ինչի հետևանքով օդի հարաբերական խոնավությունը եղել է շատ ցածր։

Ներկա պահին Խոսրովի արգելոցի հատվածում տեղում է անձրև։ Այսօր ժամանակ առ ժամանակ և հատկապես երեկոյան ժամերին հանրապետության շրջանների զգալի մասում, այդ թվում նաև Արարատյան դաշտում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ օգոստոսի 18-22-ին կրկին սպասվում է առանց տեղումների եղանակ և օդի ջերմաստիճանի բարձրացում մոտ 4-5 աստիճանով։
*Նկարների վրա սլաքներով նշված է տեղումնաբեր ամպերի շարժման ուղղությունը»




Լրահոս