Խոսրովի անտառի վերականգնման համար հայ բարերարը նվիրաբերում է 100 000 եվրո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լյուքսեմբուգում հիմնադրված Adibekyan Family Foundation for Advancement (АFFA) բարեգործական կազմակերպությունը, որի հիմնադիրն է բարերար Գագիկ Ադիբեկյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհների հետևանքների վերացման նպատակով կփոխանցի 100 000 եվրո: Հրդեհի հետևանքով այրվել է յուրահատուկ արգելոցի հարյուրավոր հեկտար տարածք, որի բուսական աշխարհն ընդգրկում էր բարձրակարգ բույսերի շուրջ 1,8 հազար տեսակ, որոնցից 24-ը էնդեմիկ են, իսկ կենդանական աշխարհի բազմաթիվ տեսակներ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում. հովազները, լուսանները, մուֆլոնները, բեզոարյան այծերն, ինչպես նաև գայլեր, աղվեսներ, նապաստակներ, գորշ արջեր, եղնիկներ, բազեներ, արծիվներ, վայրի աղավնիներ և այլն:

«Այսօր, երբ Խոսրովի անտառ յուրահատուկ արգելոցի ճակատագիրը և մեկ ամբողջ մարզի էկոլոգիան վտանգված են, մենք չենք կարող անտարբեր մնալ այդ լրջագույն հիմնախնդիրների հանդեպ: Հրդեհներից հետո անտառների վերականգնումը երկարատև ժամանակ, ահռելի աշխատանք ու նշանակալի ռեսուրսներ է պահանջում: Ես հավատում եմ, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր կրճատել այդ հրաշալի ու առանձնահատուկ բնության արգելոցի վերականգնման ժամանակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Adibekyan Family Foundation for Advancement (АFFA) բարեգործական կազմակերպության հիմնադիր Գագիկ Ադիբեկյանը: Adibekyan Family Foundation for Advancement (АFFA) բարեգործական կազմակերպության գործունեության կարևորագույն ուղղություններից է սոցիալական ներդրումների և Հայաստանի փոքր քաղաքների` Դիլիջանի և Մասիսի, տարածքների համալիր զարգացման ծրագրերի իրականացումը:

AFFA հիմնադրամը նպատակ ունի պետական մարմինների, տեղական համայնքների և բնակիչների աջակցությամբ բարելավել քաղաքային միջավայրը և ստեղծել մարդկանց կյանքի հարմարավետ պայմաններ այդ քաղաքներում: Այս ծրագրի շրջանակներում 2016 թվականից AFFA հիմնադրամի կողմից Մասիս քաղաքում ստեղծվել են և հաջող գործունեություն են ծավալում Մասիսի զարգացման հիմնադրամը և Երիտասարդական կենտրոնը, կանոնավոր իրականացվում են մի շարք քաղաքային սոցիալական և մշակութային միջոցառումներ, կրթական և մշակութային ծրագրեր, աջակցություն է ցուցաբերվում երիտասարդական նախագծերին և նախաձեռնություններին: Adibekyan Family Foundation for Advancement (АFFA) բարեգործական կազմակերպությունը հիմնադրվել է Լյուքսեմբուրգում գործարար և բարերար Գագիկ Ադիբեկյանի կողմից: Հիմնադրամը Հայաստանում, Ռուսաստանում, Լյուքսեմբուրգում և այլ երկրներում իրականացնում է մարդկանց և երկրների միջև մշակութային և գործնական կապերի ամրապնդմանը, սոցիալական, սպորտային և կրթական ոլորտների ծրագրերի աջակցությանը, մշակութապատմական ժառանգության պահպանմանը և Հայաստանի փոքր քաղաքների և տարածքների զարգացմանն ուղղված բարեգործական նախաձեռնություններ:




Լրահոս