Oգոստոսի 16-ին, Հանրային երկրորդ հեռուստաալիքով հեռարձակվող «Պահմտոցի» հաղորդումից հայտնի Վահագն Սիմոնյանը, ում հանրությունն ավելի շատ ճանաչում է «Պոնչո» մականվամբ, ահազանգել է ոստիկանություն և Արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայություն ու հայտնել, որ իր 2 անչափահաս տղաներին առևանգել են և պատանդ են պահում Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո» էկզոտիկ պարկ- ռեստորանում։
ArmLur.am-ը դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ 16.08.2017թ-ին ժամը 12.40-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ 911 ծառայություն է զանգահարել Վահագն Սիմոնյանը և հայտնել, որ Ձորաղբյուրի «Ջամբո» ռեստորանային համալիրում 14 տարեկան 2 երեխա են պատանդ վերցրել:
Զեռնարկված ստուգումների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխաները իրենց մոր հետ ապրում են նշված ռեստորանային համալիրի հարակից տարածքում գտնվող առանձնատանը, իրենց պատանդ չեն վերցրել և իրենք գտնվում են ապահով պայմաններում:
ArmLur.am-ին հաջողվեց նաեւ զրուցել «Ջամբո» ռեստորանային համալիրի տնօրեն Արտյոմ Վարդանյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս պահին երեխաները ոստիկանությունում բացատրություն են գրում, որ իրենց ոչ մեկ հարկադրաբար չի պահում:
«Դա նորմալ մարդու արարք չէ, ինքն ամբողջ հանրապետությունով իրան խայտառակ արեց: Ես պատրաստվում եմ նրան դատի տալ, հիմա ոստիկաններն ամբողջ նյութերը հավաքում են, որ չորրորդ տարին է երեխաներն այստեղ են ապրում: Ինչ այդ երեխաները եկել են, նա մի կոպեկ չի տվել եւ երբեւիցե չի էլ հիշել նրանց մասին: Հիմա էլ կապիկություն է անում …ինձ թվում է ինքը չկայացած կլոուն է, որ ուզում է իր մասին հիշեն: Զանգում ա իր 14 տարեկան տղային, ասում է կարող ա քեզ գոմիկ են սարքել: Երեխայի հոգեկանը խանգարվել ա, անգամ չի ուզում դպրոց գնա: Բոլոր հեռախոսային ձայնագրությունները կան, և նա իր այս քայլը չի մարսելու: Նա մարդ չէ, ուղղակի վիժվածք է»,-ասաց նա:
Մեր զրուցակի խոսքով՝ Վահագն Սիմոնյանն այս քայլին է գնացել` նորից ասպարեզ մտնելու համար, քանի որ նա ոչ մի հեռուստաընկերության կողմից հրավեր չի ստանում եւ հիշվելու կարիք ունի:
«Ոչ մի արգելք նրան չի եղել երեխաներին տեսնելու: Ես երբեք քիթս չեմ խոթել նրանց հարաբերությունների մեջ, բայց տեսա, որ այս երեխայի հոգեբանությունը խախտվել է, ո՞նց կարելի է այդ տարիքի տղային նման բաներ ասել»,-նշեց Արտյոմ Վարդանյանը:
Նրա հավելմամբ՝ Վահագն Սիմոնյանի պատճառով իր բիզնեսը տուժել է: Մարդիկ վախենում են գնալ «Ջամբո» ռեստորանային համալիր, քանի որ մտածում են, որ այնտեղ մարդկանց են պատամդ պահում:
Լիդա Եղիազարյան