ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի աճուրդը տեղի է ունենալու օգոստոսի 31-ին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ աճուրդի մեկնարկային գինը կազմում է 13 մլրդ 223 մլն 400 հազար 652 դրամ: Աճուրդը կանցկացվի դասական եղանակով: Տեղեկացնենք, որ այս տարվա օգոստոսի 3-ին կառավարությունը որոշում էր կայացրել օտարել նշված գերատեսչության հիմնարկին ամրացված պետական սեփականություն հանդիսացող, Երեւանի Նալբանդյան 28 հասցեում գտնվող`7809.9 քմ մակերեսով շենքը եւ դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող ավելի քան 2520 հա հողամասը:
Աճուրդի հաղթողը պարտավոր է վճարել գույքի` 2520 քմ տարածքի կադաստրային արժեքը`151 մլն 239 հազար 348 դրամը: Իսկ գույքն օտարելուց հետո այն գնորդին կհանձնվի պայմանագրի կնքումից եռամսյա ժամկետում:
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 14-ին աճուրդ էր նշանակված եղել, սակայն աճուրդը չէր կայացել ` հայտ չլինելու պատճառով: Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ նախարարության շենքը պատրաստվում է ձեռք բերել «Ռոստելեկոմ» ընկերությունը: Թե որքանով են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը, դժվար է ասել: Բայց աճուրդը հաղթողը գույքի օգտագործման նպատակի եւ բնույթի փոփոխումները պարտավոր է համաձայնեցնել պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառում լիազորված մարմնի հետ`կառավարության թույլտվությամբ: «Ռոստելեկոմ»-ը, եթե կողմնորոշվի շենքը ձեռք բերելու հարցում, հուսանք, որ կպահի այս պայմանը:
Սյունէ Համբարձումյան