«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռևս ամիսներ առաջ մենք գրել էինք, որ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի փոխարեն շուտով դեսպան է նշանակվելու քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, և ագրեմանը (կառավարության համաձայնությունը՝ իր երկրում տվյալ անձին որպես դիվանագիտական ներկայացուցիչ ընդունելու) արդեն ուղարկվել է վրաց իշխանությունների կողմից: Այս կադրային փոփոխությունը մի կողմից պայմանավորված էր աշխարհահռչակ մարզիկի՝ դեսպանի պաշտոնում չհաջողելու հանգամանքով, մյուս կողմից՝ նրա առողջական վիճակով:
Դե, իսկ Սերգեյ Մինասյանն էլ երիտասարդ քաղաքագետ է, ծնունդով Ջավախքից՝ Ախալքալաք քաղաքից: Եվ քանի որ մեզանում պրոֆեսիոնալ դիվանագետները չեն դեսպան նշանակվում, ապա նա լիովին տեղավորվում է այդ պաշտոնի տրամաբանության մեջ: Սակայն ամիսներն անցնում են, իսկ նշանակումը ձգձգվում է: Սերգեյ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց. «Դեռ նորություն չունենք, որովհետև արձակուրդային շրջանը դեռ չի վերջացել, ես կարծում եմ՝ մինչև ամսվա վերջ նորություն կունենանք»: Այսինքն՝ իր ագրեմանն արդեն եկե՞լ է: Պարոն Մինասյանն ասաց. «Չեմ կարող դա հաստատել, որովհետև ես քաղաքում չեմ եղել և տեղյակ չեմ՝ արդյոք նախարարությունն ստացել է, թե ոչ»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: