ՖՈՏՈ. Ինչ վնասներ կան Խոսրովի անտառում. շատ հարցերի պատասխաններ կտրվեն միայն հաջորդ տարվա գարնանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի հետմարման աշխատանքները շարունակվում են մեծ ինտենսիվությամբ: Արգելոցի տարածքում օրենքով սահմանված` մարդկային որևէ միջամտության բացառման պատճառով տեղում կուտակված բուսականության մնացորդները տասնամյակների ընթացքում ձևավորել են հումուսի հաստ շերտ, որում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի շիջումից հետո էլ թաքնված այրում է ընթանում: Հրդեհից վնասված որոշ հատվածներ պարբերաբար ծխում են և համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում կարող են նոր օջախների վերածվել:

ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ փրկարաները` համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների համակարգմամբ իրականացնում են շուրջօրյա հերթապահություններ, հետախուզումներ, որոնց ընթացքում յուրաքանչյուր օր հայտնաբերվում և չեզոքացվում է միջինը մոտ 100 ծխացող` հրդեհի բռնկման պոտենցիալ օջախ:

Հետմարման աշխատանքներին մասնակցում են նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնագետները և աշխատակիցները: Աշխատանքներին ներգրավված է զգալի մարդկային ռեսուրս և հատուկ տեխնիկա: Հետմարման աշխատանքների համար առաջին անգամ օգտագործվում է նաև ՀՀ ԱԻ նախարության հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի նորագույն տեխնիկան:

Բարձր հրդեհավտանգությանը նպաստում են հանրապետությունում գերակայող բարձր ջերմային ֆոնը և ոչ անձրևային եղանակը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը, ներկայացնելով հրդեհի հետմարման աշխատանքների ողջ ծավալը, առանձնացրել է բնական, հատկապես ռելիեֆային առանձնահատկությունները, որոնք բարդացնում են բռնկված հրդեհի վերջնական մարման աշխատանքները: Արգելոցի տնօրենը շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին և քաղաքացիներին, ովքեր սրտացավորեն մասնակցել են և շարունակում են պայքարել հրդեհի դեմ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ Հովհաննես Եմիշյանը հայտնել է, որ կան ծխացող բազմաթիվ օջախներ, որոնք փրկարարների դիտակետերից հետախուզման միջոցով հայտնաբերվում են ու մարվում, և ամբողջ տարածքը գտնվում է շուրջօրյա վերահսկման ներքո:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը, ներկայացնելով ուսումնասիրությունների նախնական տվյալները, նշել է, որ հրդեհն ընդգրկել էր արգելոցի մոտ 1600 հեկտար տարածքը, սակայն հրդեհված տարածքներում առկա են չվնասված կղզյակներ, որոնք կենդանիների համար ապաստարան են դարձել, ինչը հետագայում կնպաստի անտառային էկոհամակարգի բնական վերականգնմանը:

Խոշոր կենդանիների կորուստներ չեն արձանագրվել, կորուստներ կարող են լինել որոշ սողունների և անողնաշարավոր կենդանիների մոտ: Ըստ Ա. Աղասյանի, չնայած ընթանում են վնասի չափերի գնահատման աշխատանքներ, սակայն այն լիարժեք հնարավոր կլինի ներկայացնել հաջորդ տարվա գարնանը` ծառերի վիճակը գնահատելուց հետո, քանի որ խոտածածկ տարածքում հրդեհի արագ տարածման հերտևանքով շատ ծառերի բներ չեն հասցրել վնասվել:

«Խոսրովի անառ» պետական արգելոցում իրականացվող աշխատանքներին մշտապես հետևում են ՀՀ բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարները:




Լրահոս