Հոլիվուդի Փառքի ծառուղում կայացել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անվանական աստղի բացման արարողությունը: Հոլիվուդի առևտրի պալատը տեղեկացրել է, որ լեգենդար շանսոնյեի աստղը 2618-րդն է լինելու Փառքի ծառուղում: Նրան նվիրված աստղը բացվում է «Կենդանի կատարում» անվանակարգում:
«Ես և ֆրանսիացի եմ, և հայ: Դրանք տարանջատելը հնարավոր չէ, ինչպես կաթով սուրճի մեջ չես կարող բաժանել կաթը սուրճից: Իմ հայկական անունը Շառլ Ազնավուրյան է, իսկ ֆրանսիական անունը՝ Շառլ Ազնավուր: Ֆանտաստիկ է ունենալ հնարավորություն երկու մշակույթները ծառայեցնելու մի նպատակի: Ֆրանսերենն իմ աշխատանքային լեզուն է, իսկ հայերենն իմ ընտանեկան լեզուն է: Այս աստղը ստանալուց հետո ես նաև մի փոքր կալիֆորնիացի եմ»,-ասել է Ազնավուրը՝ կատակելով, որ միշտ հրաժարվում է ելույթ ունենալուց, քանի որ իր անգլերենն այնքան էլ լավ չէ:
Շառլ Ազնավուրն աշխարհում ռեկորդային՝ 180 մլն ձայնասկավառակ է վաճառել: 70 տարվա կարիերայի ընթացքում նա 1400 երգ է ձայնագրել, որոնցից 1300-ի հեղինակն ինքն է: Շանսոնյեն 390 ալբոմ է թողարկել բազմաթիվ լեզուներով՝ ֆրանսերեն, հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն: