Լուսանկարն արվել է Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում
Իհարկե, դժվար է ասել, թե ով է այս տեսարանի հեղինակը, բայց փաստ է, որ այն, մեղմ ասած, գեղեցիկ չէ: Մինչ ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ, ապա նման դեպքերում, հետաքրքիր է, հանրապետություն այցելած զբոսաշրջիկներն ինչպես են կողմնորոշվելու գտնել ճիշտ ճանապարհը:
ՀԱՐՑ. Ես արդեն 7 տարի է՝ ունեմ 2-րդ կարգի հաշմանդամություն: Ձեռքս 6 անգամ վիրահատել եմ: Հերթական անգամ ներկայացել եմ բժշկասոցիալական փորձաքննության, որպեսզի ձեռք բերեմ անժամկետ հաշմանդամություն: Իհարկե, ԲՍՓ-ն ինձ տրամադրեց անժամկետ հաշմանդամություն, սակայն 2-րդ կարգը դարձրեց 3-րդ կարգ: Խնդրում եմ պարզաբանել, թե ինչո՞ւ է բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը նման կերպ վարվում: Գնացի նախարարություն, ասացին՝ էլ չեմ կարող ոչինչ անել, վերջ:
Արտավազդ Անտոնյան (Դավիթաշեն, 5-րդ փողոց, 8-րդ տուն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ եթե Ա. Անտոնյանը համաձայն չէ իր նկատմամբ կայացրած փորձաքննական որոշումների հետ, ապա «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ այդ որոշումները կարող է բողոքարկել դատական կարգով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 02.03.2006թ. N 276-Ն որոշմամբ հաստատված բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգի 29-րդ կետի դրույթների համաձայն՝ առողջական վիճակի վատթարացման դեպքում անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո բժշկասոցիալական վերափորձաքննության նպատակով Արտավազդ Անտոնյանը կրկին կարող է դիմել իր բնակության վայրը սպասարկող ԲՍՓ հանձնաժողով՝ ներկայացնելով առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթեր: ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 24-ի թիվ 1527-Ն որոշման համաձայն՝ փորձաքննությանը քաղաքացին կարող է որպես ներկայացուցիչ մասնակից դարձնել նաեւ իր կողմից ընտրած բուժող բժշկին կամ այլ բժիշկ մասնագետի:
Լրացուցիչ տեղեկատվության տրամադրման համար անհրաժեշտ է ներկայացնել Արտավազդ Վոլոդյայի Անտոնյանի դիմումը կամ նրա կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը:
ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես պատասխանում է նշված, Ա. Անտոնյանը կրկին կարող է դիմել իր բնակության վայրը սպասարկող ԲՍՓ հանձնաժողով՝ ներկայացնելով առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթեր: Բայց երբ նա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում համապատասխան դիմում է գրել, տեղեկացել է, որ ամեն դեպքում իրավունք չունի նորից դիմել ԲՍՓ եւ վերափորձաքննություն անցնել: Ստացվում է, որ սոցապ նախարարությունը մեզ այլ պատասխան է ուղարկում, իսկ քաղաքացուն տեղում այլ պատասխան են տալիս՝ շրջանցելով օրենքը: Ամեն դեպքում «Ժողովուրդ»-ը հետեւողական է լինելու՝ պարզելու, թե ինչ ճակատագրի է արժանանալու խմբագրություն դիմած քաղաքացու խնդիրը:
Ընդգծենք, որ նախարարությունը պարտավոր է քաղաքացի Արտավազդ Անտոնյանին վերստին հրավիրել՝ պարզելու, թե ով է «գլխից ցրել» ՀՀ քաղաքացուն՝ անօրինական իր գործունեությամբ եւ պատժել գրասենյակային առնետի հոգեբանություն ունեցող այդ աշխատակցին:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ քաղաքացին ԵԱՏՄ երկրներից ինքնաթիռով քանի՞ կիլոգրամ ապրանք կարող է բերել ՀՀ առանց մաքսազերծման: Ի՞նչ ապրանքներ է թույլատրվում բերել եւ ի՞նչ ապրանքներ՝ ոչ: Ցանկանում եմ իմանալ՝ եթե կան արգելքներ, ապա ի՞նչ արգելքների մասին է խոսքը: Խնդրում եմ հնարավորինս մանրամասն ներկայացնել՝ քանի կգ ապրանք է թույլատրվում բերել, նաեւ տրամադրել թույլատրվող եւ չթույլատրվող ապրանքների ցանկը:
Թամարա Հարությունյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 25-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին եւ 4-րդ ենթակետերի համաձայն՝ անդամ պետությունների Մաքսային միության շրջանակներում գործում է ապրանքների ներքին շուկա եւ իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրման ու պետական հսկողության (տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական) կիրառման՝ բացառությամբ Պայմանագրով նախատեսված դեպքերի:
Հաշվի առնելով վերոնշյալը` տեղեկացնում ենք, որ ԵՏՄ կարգավիճակ ունեցող, ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքները, անկախ դրանց քաշային, քանակական կամ արժեքային դասակարգումից, ենթակա չեն մաքսային ընթացակարգերով ձեւակերպման:
շարունակելի
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարելի է ենթադրել, որ մեզ դիմած քաղաքացին ունեցել է որոշակի խնդիրներ մաքսազերծման հետ կապված: Ամեն դեպքում, յուրաքանչյուր անձ պարտավոր է հնարավորինս տեղեկացված լինել, որպեսզի նման դեպքերում կարողանա պաշտպանել իր ոտնահարված իրավունքները: Շարունակության հրապարակումից հետո ցանկացած քաղաքացի կարող է ուշադիր ընթերցել եւ անօրինական պահանջներ ներկայացնող մաքսավորների հետ խոսել օրենքի եւ իրավական այլ ակտերի մեջբերումներով: