2018 թվականին պետական պատվերով եւ աջակցությամբ հրատարակելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունը մրցույթ է հայտարարել՝ իրավաբանական անձանցից ընդունելով հայտեր հետեւյալ ուղղություններով՝ հանրագիտարանային գրականություն, Հայաստանի պատմություն եւ հայ մշակույթը ներկայացնող հանրամատչելի գրականություն, մեր մեծերին եւ նրանց ժամանակը ներկայացնող գրականություն, հոբելյանական գրականություն, օտարազգի գրողները հայերի եւ Հայաստանի մասին, դասական լեզուներից արված թարգմանություններ (անտիկ գրականություն) եւ այլն:
Նշենք, որ տարիներ շարունակ պետպատվերի շրջանակում հրատարակվող գրքերի թեման դարձել է աղմուկի առարկա, քանի որ հաճախ այնպիսի բովանդակությամբ գրքեր են ֆինանսավորվում պետության կողմից, որ որեւէ մեկին պիտանի չէ, նույնիսկ եղել են դեպքեր, երբ դրանք մնացել են տպարաններում: Եւ, ամենակարեւորը, պետպատվերով գրքերի տպագրությունը գումարներ գրպանելու առիթ են եղել:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, հակադարձելով այս պնդումներին, հայտարարել է, թե «Դրանք ընդամենը ենթադրություններ են, որեւէ փաստարկված, ապացուցված չարաշահման դեպքի մասին մենք չենք կարող խոսել: Ես պարզապես պետք է խոսեմ մոդելի փոփոխության մասին, որովհետեւ այն ձեւաչափը, որով տրամադրվում էր ե՛ւ աջակցությունը, ե՛ւ պետպատվերով հրատարկվող գրքերի ցանկն էր որոշվում, այս պահին այնքան էլ նպատակահարմար չէ»:
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյան հետ:
-Պարո՛ն Մարտիրոսյան, արդյո՞ք պետպատվերով գրքեր հրատարակելու մոդելի փոփոխությունը արդյունավետ կլինի մեզ համար, եւ, առհասարակ, այդ մեթոդը կգործի՞ մեր երկրում, թե՞ ոչ:
-Ես չգիտեմ, թե պարոն Ամիրյանն ինչպես է փոխելու, բայց այն, ինչ մենք էինք ասում, մեր կարծիքն էր: Առաջարկում էինք տարրական 1+1=2: Ասում էինք, որ քանի դեռ կֆինանսավորես կոշիկի արտադրություն ու չես ֆինանասավորի կոշիկի սպառում, ապա այդ կոշիկները կարտադրվեն վատ որակի ու կլցվեն պահեստները: Նույնը վերաբերում է գրքին: Եթե դու սկսում ես ֆինանսավորել գրքերի արտադրությունը, ապա համոզված եղեք՝ գրքերի մեջ ավելի շատ խոտան կարելի է չարաշահել, քան կոշիկի կամ երշիկի մեջ: Գրքին վատ են վերաբերվում, մարդիկ գիրքը ձեռքը աղջկա չեն մոտենում: Աղջիկները վատ են նայում գիրք կարդացող տղաներին… Սա դեբիլացվող, դեգրադացվող հասարակության մոդելն է, որտեղ գնահատվում է ոչ թե գիտելիքը, այլ լռելու, հարմարվելու կարողությունը: Չինովնիկներին ընդունել այս սկզբունքով, աշխատակիցների ընդունել տարբեր ձեռնարկություններում զանգով: Այսօր մենք առնվազն 200 տարի հետ ենք շպրտվել ֆեոդալիզմի մեջ, որովհետեւ մեր բոլոր հարաբերությունները ֆեոդալական են, երբ կապիտալն ազատ չի, ապա դա ֆեոդալիզմի վառ ապացույց է:
-Ի՞նչ եք Դուք առաջարկում:
-Պետք է ֆինանսավորել պահանջարկը, որը նշանակում է այնպես անել, որ սպառողն ունենա գիրք: Ինչո՞ւ Վրաստանի հյուրանոցներում կլինեն գրադարաններ, իսկ Հայաստանի ոչ մի հյուրանոցում նման բան չենք տեսնի, որովհետեւ Հայաստանում գրքի պահանջարկ չկա: Հայաստանի իշխանութունը աշխարհին ցույց է տվել, որ Հայաստանը խորովածանոց է, ոչ թե ինտելեկտուալ վայր:
Ես չգիտեմ՝ Արմեն Ամիրյանն ինչ է ուզում անել, որովհետեւ այն, ինչի մասին մենք խոսել ենք մեկ տարի առաջ, երբ նա նոր էր նշանակվել մշակույթի նախարար, եւ խոսել ենք դրանից հետո, դա մեզ ցույց է տալիս, որ պարոն Ամիրյանը, լինելով քաղաքական գործիչ, տարբեր ուժերի ազդեցությունն է ուզում չեզոքացնել, փորձել լավ լինել տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ:
Ի՞նչ է նշանակում գրքեր հրատարակել պետության աջակցությամբ կամ պատվերով, դա նշանակում է, որ պետությունը մասնակցում է մրցակցության խաթարմանը: Անունը դրել են ինտելեկտուալ պրոդուկտ ու այս շուկայի հերն անիծում են: 20 տարի լափվել են այս փողերը, տվել են հիմար, չկայացած մարդկանց, տվել են իրենց բարեկամներին:
Դե՛, իհարկե, կարելի է կոսմետիկ ձեւերով ասել՝ մենք այս կանենք, այն կանենք, մի հատ նայե՛ք՝ ի՞նչ է ֆինանսավորվում: Ինձ ցույց տվե՛ք Հայաստանի հեռուստատեսությունում որեւէ ծրագիր, որը ներկայացնի գրքի բովանդակությունը, չկա: Իսկ վրացական հեռուստաընկերություններում չկա հեռուստատեսություն, որը չունենա գրքի բովանդակությունից խոսող հեռուստահաղորդում:
Մենք չենք ունեցել որեւէ նախարար, ով հեռուստատեսությամբ խոսի գրքի բովանդակությունից, իսկ Վրաստանում չկա որեւէ նախարար, որ չխոսի գրքի բովանդակությունից: Մեզ նման ժողովուրդ էր, բայց 2003 թվականից ունեցավ գիտելիքով ղեկավարություն, իսկ մենք ունեցանք Ռոբերտ Քոչարյանի նման նախագահ, ով ասում էր, որ գիրք կարդալ չի սիրում:
Ունեցանք Սերժ Սարգսյան, որ երկու տարի առաջ եւ հետո նույն գրքերը նույն ձեւով շարած էին գրասեղանին: Ունեցանք այն, ինչ հիմա ունենք: Այս վիճակում ի՞նչ կոսմետիկական լուծումների մասին կարող է խոսք գնալ: Դա անուղղելի է: Մեկ տարի է՝ Արմեն Ամիրյանը նախարար է, ցույց տվեք ինձ մի գրադարան, որը համալրվել է գրքերով: Միայն ուզենալը, ցանկանալը, հայրենասեր լինելը հարցի լուծում չէ: Պետք է թքել մնացած քաղաքական հոսանքների վրա: Սա պատերազմ է գիտելիքի ու տգիտության միջեւ, ու տգիտությունը հաղթում է:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը