«Հայաստանում կառավարության մակարդակով լուրջ փոփոխություններ անելը դժվար է, քանի որ երկիրը կիսանախագահական համակարգով է կառավարվում, եւ ըստ էության, մեծ պահանջներ սպասել վարչապետից, այդքան էլ ճիշտ չէ. հիմնական որոշողը գործող նախագահն է»: ArmLur.am-ի հետ զրույցում նոր կառավարության մեկ տարին ամփոփեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Ըստ քաղաքագետի՝ հանրութան մեջ չկա այն ոգեւորությունը, թե ինչ արդյունք է տվել գործող կառավարությունն այս մեկ տարվա ընթացքում:
«Երկրում որպեսզի փոփոխություններ լինեն, նախ պետք է կառավարությունը մեսիջներ ուղղարկի հանրությանը, թե ի՞նչ է նշանակում փոփոխություն, ի՞նչ է հստակ ուզում կառավարությունը, որպեսզի հասարակությանն ուղղորդի: Խոսում էին մեթոդների մասին, որ 8 հարյուր մլն դոլար ներդրում պետք է լինի Հայաստանում եւ մոտ 3 միլիարդ դոլար մի քանի տարվա ընթացքում, բայց ես կարծում եմ` այդ ներդրումները կգան այն ժամանակ, երբ բիզնես միջավայրը Հայաստանում կբարելավվի եւ վստահություն կլինի առհասարակ Հայաստանի իշխանությունների եւ ապագայի նկատմամբ»,- նկատեց նա:
Բոզոյանի կարծիքով՝ ներդրումները կոնկրետ մեկ անձի հետ կապված չեն, եթե նույնիսկ վարչապետը «լուսապայծառ» գործիչ լիներ, միեւնույնն է` այդ ներդումները Հայաստան չեն գա, քանի դեռ վստահ չեն, որ այդ ներդրումները կարող են իրենց եկամուտ բերել:
«Այստեղ՝ հարցն իշխող համակարգի խոչընդոտելը կամ չխոչընդոտելը չէ, ի վերջո, ներդրողն ինքը տեսնում է Հայաստանի վիճակը, եթե կա նորմալ միջավայր՝ ներդրումներ կանի, եթե չկա միջավայր՝ չի անի: Եթե վերցնենք հարեւան Վրաստանի օրինակ, ապա կտեսնենք, որ ներդրումները կան եւ քիչ չեն, ինչը զգում է նաեւ տեղի ժողովուրդը»,- ընդգծեց նա:
Ըստ մեր զրուցակցի՝ ինչպես մեքենան առանց վառելիքի չի կարող քշվել, այնպես էլ երկիրն առանց ներդրումների չի կարող զարգանալ, իսկ մեր երկրում այս մեկ տարվա ընթացքում փոփոխությունները եղել են կոսմետիկ ձեւով:
Լիդա Եղիազարյան