Որ տնտեսվարող սուբյեկտները կհամարվեն գերիշխող դիրք ունեցող. պատգամավորները փոփոխություն են նախաձեռնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանն ու Միքայել Մելքումյանը շրջանառության մեջ են դրել օրենսդրական նախագիծ, որով առաջարկում են փոփոխություններ կատարել  «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում:

Փոփոխության մեջ նշվում է, թե որ տնտեսվարող սուբյեկտը կարող է համարվել գերիշխող դիրք ունեցող: Հիմնավորման մեջ նշվում է, որ  Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ առավել մեծ ծավալներ ունեցող երկու տնտեսվարող սուբյեկտներ միասին կարող են ճանաչվել գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք միասին զբաղեցնում են շուկայի մեկ երկրորդը, իսկ երեք ընկերությունները միասին՝ շուկայի երկու երրորդը:

Օրենքի փոփոխության անհրաժեշտությունը պատգամավորները պայմանավորում են նրանով, որ օրենքի  ձևակերպումը թույլ է տալիս պնդել, որ եթե շուկայում առավել մեծ ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտն ունի 49 տոկոս մասնաբաժին, երկրորդը՝ 1 տոկոս, իսկ երրորդ եւ մնացած ընկերությունները 0.99 տոկոս, ապա առաջին երկու ընկերությունները կարող են համարվել գերիշխող դիրք ունեցող, իսկ երրորդն ու մնացածները՝ ոչ: «Այնինչ ակնհայտ է, որ նախ՝ 1 տոկոս շուկայական մասնաբաժին ունեցող ընկերությունը չի կարող համեմատվել 49 տոկոս մասնաբաժին ունեցողի հետ եւ դիտվել որպես գերիշխող դիրք ունեցող եւ երկրորդ՝ այդ ընկերությունն իր չափերով համադրելի է մնացած փոքրերի հետ եւ ճանաչվելով գերիշխող դիրք ունեցող՝ կհայտնվի անբարենպաստ պայմաններում, կորցնելով առեւտրային ճկունությունն ու որպես հետեւանք՝ իրացման շուկաները: Նույնը վերաբերում է նաեւ երեք տնտեսվարողներին միասին գերիշխող դիրք ունենալու պայմաններին», – նշված է հիմնավորման մեջ:

Նախատեսվում է, որ  երեք տնտեսվարող միասին կհամարվեն գերիշխող, եթե նրանց գումարային շուկայական մասնաբաժինն ավել է 50 տոկոսից, իսկ հինգ տնտեսվարողի դեպքում՝ 75 տոկոսից, եթե միայն նրանցից յուրաքանչյուրի շուկայական մասնաբաժինը 8 տոկոսից պակաս չէ:




Լրահոս