Վերջին տարիներին հայերի ապաստան ստանալու դիմումների քանակն աճել է. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Հրապարակի» հարցերին պատասխանում է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը:

– Պարոն դեսպան, հայտնի է, որ ՀՀ քաղաքացիների շրջանում Գերմանիան հետաքրքրություն վայելող երկիր է: Խնդրում եմ նշեք, թե վերջին 5 տարիներին ՀՀ քանի՞ քաղաքացի է մեկնել Գերմանիա, ի՞նչ այցով, եւ մեկնողներից քանի՞սն է վերադարձել:

– Իրականում ԵՄ երկրների շարքում հայերի համար հիմնական այցելության երկիր համարվում է Գերմանիան։ 2012-2016 թվականների ընթացքում դեսպանությունը գրեթե 75 հազար վիզայի դիմումներ է ստացել, հիմնականում այցելության, գործնական եւ զբոսաշրջության նպատակներով։ Միայն 2016 թվականին 16 հազար 600 վիզա է տրամադրվել։

Շենգենյան վիզաների համար ներկայացվող դիմումների մոտ 50 տոկոսը դեսպանությունն ստանում է Բենելուքսի երկրներ, Շվեդիա եւ Ավստրիա մեկնող քաղաքացիներից։ Վերադարձողների վերաբերյալ դեսպանությունը վիճակագրություն չի վարում։ Խնդրահարույց է վերջին տարիներին հայերի ապաստան ստանալու համար դիմումների քանակի աճի միտումը։

Պարզ ասած՝ ապաստան հայցելու դիմումների հիման վրա Գերմանիայում երկարատեւ մնալու հեռանկար գործնականում չկա։ Եթե անձի ապաստան հայցելու դիմումը մերժվում է, եւ նա վերադարձվում է Հայաստան, ապա տվյալ անձը տարիներ շարունակ այլեւս չի կարող օրինական ճանապարհով ԵՄ երկրներ այցելել։

Այսպիսով, չարժե ներկայացնել Գերմանիայում ապաստան հայցելու դիմում, քանզի այն չի կարող հաջողություն ունենալ։ Մենք դեսպանությունում ուզում ենք հնարավորինս հեշտացնել վիզայի համար դիմողների գործը։ Օրինակ՝ մեզ հաջողվել է էականորեն ավելացնել այն վիզաների քանակը, որոնք տրվում են մի քանի տարով։ Եթե այդ թիվը երկու տարի առաջ, երբ ես նոր էի ստանձնում դեսպանի իմ պաշտոնը, մոտ 17 տոկոս էր կազմում, ապա այն հիմա արդեն 25 տոկոսի է հասել։

– Փաստ է, որ Ձեր երկիր ՀՀ քաղաքացիները մեկնում են ոչ միայն որպես զբոսաշրջիկ, այլ նպատակներով՝ եւս: Հատկապես վերջին մի քանի տարիներին ինչպես շարքային քաղաքացիները, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներ Գերմանիա են մեկնում նաեւ բուժման նպատակով: Այդ նպատակով քանի՞ ՀՀ քաղաքացի է Գերմանիա մեկնել վերջին 5 տարիներին եւ հատկապես ո՞ր հիվանդությունները բուժելու:

– 2012-2016 թվականների ընթացքում շուրջ 3 հազար 800 Շենգենյան վիզա է տրամադրվել բուժման նպատակով մեկնող անձանց։ Հիվանդությունների տեսակի եւ բուժման վերաբերյալ դեսպանությունը վիճակագրություն չի վարում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս