«Միակ քանդակագործն էի, որ ծանոթ էի նյութին»․ Լևոն Թոքմաջյանը վրդովվել է, որ Արամ Մանուկյանի արձանն իրեն չեն պատվիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամիսներ առաջ Երեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանի շրջանակում՝ 2018թ․ մայիսի 28-ին, Հանրապետության հրապարակում (Արամի եւ Նալբանդյան փողոցների հատման կետում) կտեղադրվի Առաջին Հանրապետության հիմնադիր, հայ ազգային հասարակական-քաղաքական, ռազմական ականավոր գործիչ Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողը։ Քաղաքապետարանը հայտարարեց մրցույթ, որի հաղթողը պետք է իրավունք ստանար կերտելու Արամ Մանուկյանի հուշարձանը (մրցութային հանձնաժողովի նախագահը Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն էր): Հուշարձան-կոթողի նախագծի բաց մրցույթի հանձնաժողովի (ժյուրիի)՝ 2017 թվականի օգոստոսի 15-ի կայացրած որոշմամբ, սակայն, առաջին մրցանակ չէր տրվել, ուստի որոշվել էր մրցույթը երկարաձգել մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 18-ը:

Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է քանդակագործներ Սահակ Պողոսյանի եւ Լեւոն Թոքմաջյանի հետ: «Ընդհանրապես, ես տոտեմներ դնելուն դեմ եմ. դրանք միշտ ժամանակավրեպ են դառնում: Արամ Մանուկյանին ֆետիշացնելը նպատակահարմար չեմ համարում: Մենք չգիտենք` վաղը ինչ իրավիճակ կլինի, ինչ իշխանություններ կունենանք: Նախկինում ոչ ոք չէր մտածում, որ բոլշեւիկյան հեղափոխություն կլինի, եւ Արամ Մանուկյանի ընկերներին կգնդակահարեն: Այնպես որ, ամեն ինչ հնարավոր է: Դեմ եմ նաեւ, որ արձանը տեղադրվի Հանրապետության հրապարակում` ամենակենտրոնում»,-կարծիք հայտնեց Ս. Պողոսյանը:

Նրա խոսքով` եթե Արամ Մանուկյանին պատվելու ցանկություն կա, ապա ավելի նպատակահարմար է վերականգնել նրա տունը, քան նրա արձանը կանգնեցնել. «Լավ կլինի նաեւ, եթե նրա տունը վերածվի թանգարանի: Դա կլինի լավագույն «արձանը» Արամ Մանուկյանի համար»,-ասաց մեր զրուցակիցը:

Իսկ ահա Լեւոն Թոքմաջյանը, ով Արամ Մանուկյանի կիսանդրու (2009-ին այն տեղադրվեց Երեւանում` ՀՀ ոստիկանության շենքի դիմաց) հեղինակն է, վրդովված է, որ հենց իրեն չեն պատվիրել ստեղծել նաեւ Արամ Մանուկյանի արձանը. «Դա ես պետք է անեի, վստահորեն եմ ասում, որ իմ փոխարեն ոչ ոք դա չի անի, բայց ի՞նչ արած: Չէ՞ որ Հայաստանում առաջին անգամ իմ ստեղծած Արամ Մանուկյանի արձանն է տեղադրվել, ես միակ քանդակագործն էի, որ ծանոթ էի նյութին, ես գիտեմ` ով է Արամ Մանուկյանը, բայց 100-ամյա հոբելյան է, ինչ-որ բան պետք է անեն, վատն այն է, որ ամեն բան միջոցառման է վերածվում: Տեսեք` իմ կերտած Արամ Մանուկյանի մեջ ինչ դինամիկա, ինչ ընդվզում կա, բայց անտեսեցին, հերթական միջոցառումն են անցկացնում»,-նշեց քանդակագործը:

Հարցին, թե ինչու չի մասնակցել հայտարարված մրցույթին, Լ. Թոքմաջյանը պատասխանեց. «Ընդհանրապես, մրցույթների նկատմամբ ես որոշ վերապահումներ ունեմ: Ժյուրիի անդամ էի, սակայն առողջական խնդիրների պատճառով չկարողացա ներկայանալ: Ինձ հասած տեղեկություններով` հայտարարված առաջին մրցույթի շրջանակում ոչ մի լավ բան չի ներկայացվել, էսքիզները գոհացուցիչ չեն եղել»:

Ի դեպ, մրցույթի հաղթողն իրավունք կստանա իրականացնել Արամ Մանուկյանի հուշարձանը, երկրորդ մրցանակի հեղինակը (հեղինակային խումբը) կպարգեւատրվի 1500, իսկ երրորդ մրցանակի հեղինակը (հեղինակային խումբը)՝ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Հուշարձանը պետք է մարմնավորի հայոց նորագույն պետականության հիմնադրի, պետական եւ հասարակական գործչի կերպարը, արտահայտի նրա ազգային-գաղափարական արժեքը:

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանի արձանը Երեւանում կանգնեցնելու ծրագիրը նոր չէ: Դեռեւս 2009-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը դիմել էր Երեւանի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանին՝ առաջարկելով Արամ Մանուկյանի արձանը կանգնեցնել Հանրապետության հրապարակում: Դիմումին, սակայն, ընթացք չէր տրվել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս