ArmLur.am-ը ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացավ, որ Լոռու մարզի բնակիչ Ա. Մ.-ն, տեղեկանալով, որ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի բաժնի քննչական բաժնի քննիչ Վ. Ա.-ն վարկաբեկող տեղեկություններ է տարածել իր ընտանիքի անդամների մասին, 29.08.2017թ.-ին` գերեզմանատան տարածքում, կանգնեցրել է ավտոմեքենայով երթևեկող Վ. Ա.-ին ու նրանից վրեժխնդիր լինելու նպատակով փորձել սպանել վերջինիս. իր մոտ պահվող դանակով հարձակվել է ավտոմեքենայում գտնվող քննիչի վրա, ով, սակայն, փախուստի է դիմել և մեկնել ոստիկանության բաժին:
Ա. Մ.-ն ավտոմեքենայով հետապնդել է Վ. Ա.-ին, այնուհետև հասնելով վերջինիս` ոստիկանության Տարոնի բաժնի տարածքի դիմաց նույն դանակով հարվածներ է հասցրել նրան` պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածքներ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ վնասազերծվել և բերման է ենթարկվել նշված բաժնի ոստիկանների կողմից:
Սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: