«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը սեպտեմբերի 8-ին անակնկալ հրաժարական տվեց՝ պատճառաբանելով, թե առողջական խնդիրներ ունի: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ հրաժարականը խորը արմատներ ուներ: Ադունցը համարվում է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մարդը, նրա բարեկամն է, իսկ նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը ամեն ինչ անում էր՝ նրանից ազատվելու համար:
Տեւական պայքարից հետո հասավ արդյունքի. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախագահականից զանգել են քաղաքապետ Ադունցին եւ ասել, որ հրաժարականի դիմում գրի: Այս լուրը «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել Վաչագան Ադունցից, ով չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ իրեն հարմար չէ խոսել: Նշենք, որ Գորիսի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել 26-ամյա Առուշ Առուշանյանը, որը քաղաքապետարանի աշխատակից չէ, հայտնի է քրեական պատմություններով ու կենցաղավարությամբ: Ի դեպ, մարզպետ Վ. Հակոբյանը մեզ հետ զրույցում ասել է, թե ինքն է որոշել՝ ով պետք է Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: