Տնտեսական աճն իրենց վրա պետք է զգան ժողովուրդը և բիզնեսը. տնտեսագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ամփոփեց կառավարության գործունեության մեկ տարին: Վերջինս լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով արդեն իսկ կատարված աշխատանքները, նշեց, որ տարին կփակենք 4.3 իրական տնտեսական աճով:

Տնտեսագետ, Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ երբ ուսումնասիրում ես կառավարության հաշվետվությունը՝ անցյալ տարվա սեպտեմբերի 1-ից մինչև այս տարվա օգոստոսի 30-ի իրավիճակով, նկատում ես, որ որոշ ուղղություններով դրական տեղաշարժեր են ներկայացված, որոնք հատկապես արտաքին առևտրի մեջ են արտահայտվում.

«Օրինակ, տեղաշարժեր կան արտահանման և ներմուծման հետ կապված, բացի այդ ներդրումների մասով են երևում որոշակի գումարներ: Եթե արտահանման մեջ նայենք, ապա 21.6 տոկոս աճ է արդեն արձանագրված՝ հունվար-հուլիս ամիսների ընթացքում: Հարկերի հավաքման մասով բավական կրճատվել է ստուգումների քանակը: Արդյունաբերական արտադրանքի մասով դեռ շատ մեծ չեն հաջողությունները», – ասաց Գագիկ Մակարյանը:

Վերջինս նշում է, որ դրական փոփոխությունները երկու ձև կարելի է մեկնաբանել. նախ, որ կառավարությունը սյուներ է կառուցում ընդհանուր տնտեսական, գործարար աճի բարելավման համար, բայց ցանկալի կլիներ, որ այդ ցուցանիշների աճը ժողովուրդը և բիզնեսը զգան իրենց վրա:

«Կազմակերպությունը տեսներ, որ մրցակցային հավասար պայմանների մեջ է հայտնվել, սպառումը սկսել է լավանալ, այսինքն ժողովրդի գնողունակությունը սկսել է լավանալ, պետական գնումներին ավելի հեշտ է մասնակցում, երկրում կայուն իրավիճակ է, և մարդը կարող է իր բիզնեսը պլանավորել: Այս ոլորտում խնդիրներ կան, և մենք տարբեր բիզնեսներով զբաղվող մեր ընկերներին հարցնում ենք, թե կա՞ն փոփոխություններ, վերջիններս նշում են, որ դրական փոփոխություններ դեռ չկան», – ընդգծեց ArmLur.am-ի զրուցակիցը՝ հավելելով, որ տնտեսական աճը հնարավոր է.

«Այն հնարավոր է, եթե սկսում են ստվերի դեմ պայքարել, հարկերն ավելի լավ են հավաքվում: Տնտեսական աճը երկու կողմ ունի. մի կողմից այն կարող է լինել ցածր մակարդակի կամ նույնը ինչ անցած տարի էր, բայց արհեստականորեն հավաքված եկամուտները (հարկեր, կոռուպցիայի և ստվերի դեմ պայքար) ցույց են տալու, որ տնտեսական աճ կա, բայց երկրորդ կողմը կա. կարող է իրական տնտեսական աճ տեղի ունենալ, եթե Հայաստանում լավ մթնոլորտ ձևավորվի», – եզրափակեց Գործատուների միության նախագահը:

Լուսինե Առաքելյան




Լրահոս