Մենք չենք կրակել, ուղղակի վերցրել նկարվել ենք. Շենավանի գյուղապետը գնում է ոստիկանություն` բացատրություն տալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ ակտիվ քննարկվում է համացանցում հայտնված լուսանկարը, ըստ որի` երեք հոգի կանգնած են`սպանված անգղերը ձեռքներին: Ըստ որոշ մասնագետների`նրանք որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի: Պարզվում է լուսանկարում պատկերված անձանցից մեկը Արմավիրի մարզի Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանն է:
Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցեց գյուղապետի հետ, ով անմիջապես հայտարարեց, որ ինքը այժմ գնում է ՀՀ ոստիկանություն`բացատրություն տալու նպատակով:

«Նախ 2007 թվականի լուսանկարը է, 10 տարվա նկար է: Բագարան-Երվանդաշատ գյուղերով անցնելուց մենք նկատեցինք, որ սպանված անգղները ընկած էին ճանապարհին: Մարդիկ այդ ճանապարհով անցնում էին, կանգնում, նկարվում ու գնում էին: Մենք էլ երկու ընկերով հետաքրքրության համար իջել ենք ու նկարվել: Այդ լուսանկարը մի 5-6 տարի իմ Одноклассник-ի էջում գցված է եղել: Հիմա ինչ-որ մեկը որոշել է, որ այդ նկարը քաշի գցի համացանց ու տարածի: Հիմա գնում եմ ոստիկանություն բացատրություն տամ, որ 2007 թվականի նկար է եղել, մենք չենք կրակել, ուղղակի վերցրել նկարվել ենք: Իսկ լուսանկարում պատկերված մեքենան 2007 թվականին ես վաճառել եմ»,- բացատրեց գյուղապետը:

ArmLur.am-ը Շենավանի գյուղապետից տեղեկացավ նաեւ որ ինքը մոտ տասը տարի է, ինչ որսորդմիության անդամ է: Ի դեպ, տեղեկացնենք, որ նրա Одноклассник-ի էջում կային այլ լուսանկարներ, որտեղ ինքն է եւ սպանված այլ կենդանիներ: Այս մասով գյուղապետն արդարացավ` նշելով. «Գալյի լուսանկար կա, բադերի, այլ թռչուն կա, որոնց մեծ մասը Ուկրաինայում է եղել»:




Լրահոս