Չնայած ՀՀ-ԵՄ ստորագրվելիք համաձայնագրի տեքստը գրեթե մեկ շաբաթ է, ինչ հրապարակվել է, սակայն քաղաքական գործիչներն այնքան էլ չեն շտապում ուսումնասիրել այն: Համենայնդեպս խորհրդարանում դժվար է գտնել այնպիսի պատգամավորի, որ ամբողջությամբ ուսումնասիրել է համաձայնագրի տեքստը:
Ընդ որում, եթե հիմա պատգամավորները նշում են, թե ուսումնասիրում են այն, ապա հրապարակվելուց հետո առաջին օրերին նրանցից շատերը նույնիսկ տեղյակ էլ չէին փաստաթղթի հրապարակման մասին: Օրինակ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամներից Կարեն Բեքարյանը, որ եվրոասոցացման թունդ կողմնակիցներից մեկն է, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվել է խոսել հրապարակված փաստաթղթի մասին՝ պատճառաբանելով, որ դեռ ուսումնասիրում է այն:
Նույն պատճառաբանությամբ այս փաստաթղթի մասին կարծիք հայտնելուց հրաժարվել է նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով տարիներ շարունակ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ է, նաեւ ժամանակին եղել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը: