Հարց քաղաքացիներից` ինչպե՞ս է փոխվում սոցիալական փաթեթի գումարի չափը աշխատանքային դրույքի փոփոխման դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես մանկավարժ եմ եւ օգտվում եմ սոցփաթեթից: Ցանկանում եմ տեղեկանալ՝ եթե ես մտադիր եմ օգտվել այնպիսի սոցիալական փաթեթի ծառայությունից, որի արժեքը գերազանցում է այդ պահին իմ սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցներից, ապա կարո՞ղ եմ, արդյոք, մուտքագրում կատարել իմ հաշվին: Եվ խնդրում եմ ասեք, թե ինչպե՞ս է փոխվում սոցիալական փաթեթի գումարի չափը աշխատանքային դրույքի փոփոխման դեպքում:

Լիաննա Պողոսյան (30 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Պողոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթի հաշվին մուտքագրում կատարելու հնարավորություն ընձեռնված է յուրաքանչյուր աշխատողին եւ յուրաքանչյուր ծառայությունից օգտվելու համար: Եթե սոցփաթեթի հաշվին առկա դրամական միջոցները բավարար չեն տվյալ ծառայությունից ամբողջապես օգտվելու համար, ապա աշխատակիցը կարող է կանխիկ մուտքագրում կատարել իր սոցփաթեթի հաշվին եւ փոխանցել հաշվում առկա դրամական միջոցները համապատասխան ծառայություն մատուցող կազմակերպությանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ աշխատողի դրույքի (աշխատաժամանակի) փոփոխման դեպքում սոցիալական փաթեթի գումարը չի փոխվում սոցիալական փաթեթի իրավունքի ծագման պահից հաշված մինչեւ մեկ օրացուցային տարին լրանալը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցումը կատարվում է աշխատողի սոցփաթեթի հաշվին դիմումը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում: Ի դեպ, սոցիալական փաթեթի գումարները կրում են կուտակային բնույթ, այսինքն՝ պահպանվում եւ կուտակվում են բանկում բացված սոցփաթեթի հաշվին:




Լրահոս