ՀԱՐՑ. Քույրս ապրում է Հայաստանում, սակայն չունի ՀՀ քաղաքացիություն: Ցանկանում է տեղեկանալ՝ նա իրավունք ունի՞ ՀՀ-ում աշխատանքի անցնելու, եթե չունի քաղաքացիություն: Նման դեպքերում ի՞նչ սկզբունքով է տրամադրվում աշխատանքի թույլտվությունը:
Եվ խնդրում եմ ասեք՝ կա՞ գործունեության ոլորտների սահմանափակում ՀՀ օտարերկրացիների համար:
Հասմիկ Գալստյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինը օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն տրամադրելիս հաշվի է առնելու ՀՀ աշխատանքի շուկայի կարիքները եւ զարգացումները:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքների գնահատման համար սահմանվում է ժամկետ, որի ընթացքում նա պարտավոր է իր մոտ առկա թափուր աշխատատեղը համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից:
Սահմանված ժամկետում զբաղվածության հանրապետական ծառայությունների կողմից իր պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության դեպքում գործատուն կարող է գտնել այդ պահանջներին համապատասխանող օտարերկրացու եւ դիմել լիազորված մարմին՝ կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվության տրամադրման համար՝ ներկայացնելով ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված փաստաթղթերը:
Հայտնում ենք նաեւ, որ օտարերկրացիները ՀՀ-ում չեն կարող զբաղվել ընտրովի, քաղաքական (համայնքային, դատական/դատավոր, դատախազ), պաշտոններ, աշխատել զինված ուժերում:
Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ օտարեկրացիներին աշխատանքի թույլտվություն տրվում է գործատուի դիմած կոնկրետ ժամկետով: