«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր նախատեսված է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի ասուլիսը: Բայց վարչապետի աշխատակազմը որոշել է այս անգամ դիմել լրագրողների համար ոչ հաճելի նորամուծության. միայն հեռուստատեսություններին է իրավունք տրված ասուլիսին օպերատոր ունենալ, իսկ ահա լրատվական կայքերին պարտադրվել է գործուղել միայն լրագրողի, որպեսզի հնարավոր չլինի ուղիղ եթերով օնլայն հեռարձակում ապահովել. իրենք մոնտաժված տարբերակը կտան պաշտոնական կայքում:
Վարչապետի ասուլիսն ուղիղ եթերով լուսաբանելու հնարավորությունը սահմանափակելու պատճառը դժվար չէ ենթադրել: Չի բացառվում, որ ասուլիսն ընթանա վարչապետի համար անցանկալի հունով՝ լի բազմաթիվ «կիքսերով», տհաճ հարցուպատասխանով: Ուստի վարչապետի թիմը որոշել է այսպես ապահովագրել անցանկալի դեպքերից: Իսկ հետո էլ իշխանությունները խոսում են ժողովրդավարությունից, մամուլի ազատությունից. իրականում նրանք բոլոր հնարավոր մեթոդներով փորձում են սահմանափակել մամուլի ազատությունը, ազատ գործելու հնարավորությունը:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: