ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը հանձնարարեց խմելու ջրի սակագնի պահպանման մասին որոշման նախագիծ ներկայացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստը վարչապետը սկսեց ավանդական դարձած հանձնարարականներով, մասնավորապես, Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց «Վեոլիա ջուր» ընկերության մանրածախ սակագների վերաբերյալ:

Վարչապետն ասաց, որ 2017 թվականի օգոստոսի 7-ին «Վեոլիա ջուր» ՓԲԸ–ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով սակագների վերանայման հայտով:

«Հայտով առաջարկել են խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 2018 թվականի համար ավելացնել 14,3 դրամով: Նշված հայտը գտնվում է հանձնաժողովի ուսումնասիրության փուլում: Հայտի ուսումնասիրությունից հետո, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացնի որոշում 2018 թվականի համար խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների բարձրացման վերաբերյալ, ապա կառավարությունն անհրաժեշտ է համարում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ համատեղ վարձակալության պայմանագրի սահմաններում մանրածախ սակագների պահպանման ուղղությամբ լուծումներ գտնել»,– ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին հանձնարարեց սակագների փոփոխության պարագայում քսանօրյա ժամկետում աշխատել ՓԲԸ-ի հետ, քննարկումներ անցկացնել ՀԾԿՀ-ի և Ֆինանսների նախարարության հետ և որոշման նախագիծ ներկայացնել սակագնի պահպանման վերաբերյալ:




Լրահոս