«Սանիթեք»-ում մաքրուհուն վերաբերվում են ինչպես ստրուկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանում աշխատող քաղաքացիների իրավունքները պաշտպանված չեն, վաղուց հայտնի փաստ է: Մեր հանրապետությունում գործատուների կամայականություններից տուժող քաղաքացիները վախեցած են, ու քչերն են իրենց իրավունքները վերականգնելու համար դիմում իրավաբաններին կամ իրավապահներին:

«Ժողովուրդ»-ը պարբերաբար ահազանգեր է ստանում բազմաթիվ քաղաքացիներից, որոնց գործատուները ստիպում են աշխատել շաբաթ-կիրակի օրերին, գիշերային ժամերին, վնասակար պայմաններում, սակայն այդ ամենի դիմաց չեն վճարվում: Նման մի ահազանգ էլ «Ժողովուրդ»-ը ստացել է Երեւանում աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերության գիշերիային մաքրուհիներից, որոնք գիշերները անքուն, ընտանիքից կտրված մաքրում են քաղաքի փողոցները: Նրանք պնդում են, որ իրենց աշխատանքային իրավունքները ոտնահարվել են:

«Երբ մեզ մոտ երեք տարի առաջ աշխատանքի ընդունեցին, խոստացան, որ ամսական 500 դոլարին համարժեք աշխատավարձ են վճարելու: Բայց դրանից հետո մեզ վարձատրեցին ամսական 105 հազար դրամ: Մենք աշխատում ենք կեսգիշերից մինչեւ առավոտյան ժամը 08:00-ն: Բողոքեցինք, շատերը զզվեցին, դուրս եկան աշխատանքից, բայց այդ ամենից հետո ոչինչ չփոխվեց»,-«Ժողովուրդ»-ին իրավիճակը ներկայացրեց «Սանիտեք»-ի գիշերային մաքրուհիներից մեկը, ում անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում:

Մեկ այլ մաքրուհու պատմելով էլ՝ նախկինում եւս մեծ գումարներ չեն աշխատել: Երբ Երեւանի քաղաքապետարանի կողմից են վարձատրվել, 10 հազար 500 մետր մաքրելու համար ստացել են ամսական 110 հազար 500 դրամ: Բայց երբ «Սանիտեք»-ն է սկսել զբաղվել քաղաքի աղբահանության հարցով, գիշերային մարքուհիների աշխատավարձը ոչ միայն կտրուկ նվազել է, այլեւ աշխատանքի ծավալն է ավելացել:
««Սանիտեք»-ը մեզ պարտադրեց մաքրել 20 հազար մետրից ավելի տարածք, բայց դրա դիմաց վճարում է 105 հազար դամ: Բայց մեզ խոստացել էին բոնուսներ, հավելավճարներ տալ, էն էլ չկա: Ի դեպ, աշխատանքային պայմանագրում գրված է, որ գիշերային աշխատողը պետք է 32 հազար դրամ հավելավճար ստանա:

Բայց այդ 32 հազար դրամը մենք այս երեք տարվա մեջ չենք ստացել: Մեզ գիշերն աշխատացնում են եւ հայտարարում են, որ դա ձեր աշխատանքային 8 ժամն է, բավարարվեք»,- բողոքեց մեկ այլ գիշերային մաքրուհի:

Տեղեկացնենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184 հոդվածում (արտաժամյա աշխատանքի եւ գիշերային աշխատանքի վարձատրությունը) սեւով սպիտակի վրա նշված է, որ արտաժամյա աշխատանքի եւ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար սահմանվում է հավելում` ժամային դրույքաչափի մեկուկես անգամից ոչ պակաս չափով: Նաեւ կողմերի համաձայնությամբ արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար վճարվում է ոչ պակաս, քան աշխատողի համար սահմանված ժամային դրույքաչափը:

Իսկ ահա 185-րդ հոդվածում (աշխատանքի վճարումը ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի ու հանգստյան օրերին) նշված է, որ 1. Հանգստյան եւ սույն օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված օրերին կատարված աշխատանքը, եթե դա նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, վճարվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի կրկնակի չափից ոչ պակաս չափով, կամ աշխատողի ցանկությամբ նրան մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:

2. Աշխատանքի ժամանակացույցով հանգստյան օրը կատարված աշխատանքը վճարվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի կրկնակի չափով:

Բացի այս՝ գիշերային մաքրուհիները պարբերաբար բախվում են այլ խնդիրների: Ըստ իրենց աշխատանքային պայմանագրի` իրենց մի քանի օր հանգիստ է հասնում, որից չեն կարողանում օգտվել: Իսկ մեկ օր տանը մնալու կամ անձնական գործով զբաղվելու համար ստիպված են լինում վերադասների հետ «մեծ պատերազմ» ունենալ: Իսկ այդ «պատերազմում» ոչ բոլորին է հաջողվում հաղթանակած դուրս գալ: «Ժողովուրդ»-ին դժգոհած մեկ այլ գիշերային մաքրուհի պատմեց, որ աշխատողների են պարբերաբար կրճատում, բայց նորերի չեն ընդունում աշխատանքի, իսկ եղածներին ստիպում են ազատվածներին հատկացված տարածքները եւս մաքրել՝ բնականաբար առանց հավելավճարի:

Ի դեպ, աշխատավարձի բարձրացման հարցով մաքրուհիները վերջերս էլի դիմել են նաեւ ընկերության տնօրինությանը, բայց անարդյունք: Այս առիթով անգամ իրենք գործադուլ էլ են հայտարարել: Կրկին անարդյունք:

Գիշերային մաքրուհիները դժգոհեցին նաեւ, որ իրենց վերադասները հաճախակի պաշտոնեական դիրք են չարաշահում եւ կոպտում են, վիրավորում իրենց, անգամ հարվածել են: «Ժողովուրդ»-ին դժգոհած մաքրուհիները փոխանցեցին, որ վերջերս մի դեպք է եղել, երբ վերադասը առանց այն էլ վատառողջ մաքրուհիներից մեկին հարվածել է, ինչից խեղճ կինն ավելի է վատացել: Իսկ այս ամենի առաջ ընկերության տնօրինությունը աչք է փակում: Գիշերային մաքրուհիների կողմից բարձրաձայնված հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Սանիտեք»-ից, որտեղից խոստացան զանգել: Սակայն մինչեւ օրվա մեջ այդպես էլ չզանգեցին:

«Սանիտեք»-ում տիրող իրավիճակը կարծես թե չի մտահոգում երեւանցիների խնդիրներով զբաղվող, քաղաքապետի աթոռը զբաղեցրած պարոն Տարոն Մարգարյանին: Հուսանք, որ մեր այս հրապարակումը եւս չի վրիպի Երեւանի քաղաքապետի աչքից, եւ նա հետեւողական կլինի այս հարցի լուծման խնդրում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս