Հիվանդանոցային բիզնեսը մեր երկրում դարձել է ամենաեկամտաբեր զբաղմունքներից մեկը: Մի կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հեռավոր մարզերում գործող, բայց անմխիթար վիճակում գտնվող հիվանդանոցները փակելու ծրագրեր է մշակում, մյուս կողմից՝ Հայաստանում, ով ֆինանսներ ունի, կնոջ կամ ընտանիքի որեւէ անդամի համար մասնավոր հիվանդանոց է կառուցում եւ սկսում քաղաքացիների առողջության հաշվին գումար աշխատել:
Հիշեցնենք, որ 2016 թվականին Աժ պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնում երկու ծննդկան էր մահացել՝ 38-ամյա Նաիրա Մուսայելյանը եւ 28-ամյա Տաթեւիկ Գասպարյանը: Մեկ տարի առաջ՝ օգոստոսի 2-ին, «Սլավմեդ»-ի տնօրեն Արմինե Հովակիմյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր, թե «բոլոր հիվանդանոցներում էլ լինում եմ տասնյակ, հազարավոր նման դեպքեր… Մեզ, չգիտեմ, ինչ են ներկայացնում, «Սլավմեդ»-ը եւ մեր գրուպը միշտ աչքի են ընկել լավ բաներով, եւ թացը չորից պետք է տարբերեն, ոչինչ, ժամանակը տեղը կգցի: Տեղի ունեցած դեպքերի մասով կարող եմ ասել՝ այդ ցավը ծննդկանների հարազատներից հետո մերն է լինում»: Նա նաեւ հայտնել էր, թե մտավախություն չունի, որ իր ղեկավարած բժշկական կենտրոնում ծննդկանների մահվան դեպքերից հետո թերություններ կհայտնաբերվեն: «Ժամանակն ամեն ինչ տեղը կգցի»,- ասել էր նա:
Եւ ահա դեպքերից մեկ տարի անց «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ բժշկական կենտրոնի երկու աշխատակիցներ հայտնվել են ամբաստանյալի աթոռին:
Բանն այն է, որ նախորդ տարի բժշկական կենտրոնում մահացած 38-ամյա Նաիրա Մուսայելյանի եւ 28-ամյա Տաթեւիկ Գասպարյանի դեպքերից հետո ՀՀ առողջապահության նախարարությունը ստուգումներ իրականացրեց պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությունում, որից հետո առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը տեղեկացրեց, որ հիշյալ բուժհաստատությունում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել: Մասնավորապես «Սլավմեդ»-ի վերակենդանացման բաժանմունքը համապատասխան սարքավորումներ չի ունեցել, օդափոխության միջոցները նորմայի սահմաններում չեն եղել, եւ այլն:
Ըստ փոխնախարարի՝ երկու ծննդկանների մահվան ուսումնասիրությունը (նրանցից մեկը 28-ամյա Տաթեւ Գասպարյանն էր, որը ծնունդից առաջ բացարձակ առողջ էր) ցույց է տվել, որ երկու կանայք էլ չեն մտել բարձր ռիսկի որեւէ խմբում: Հետեւաբար առողջապահության նախարարության մոտ հարց է առաջացել՝ արդյո՞ք բժշկական կենտրոնում ճիշտ է կազմակերպված ծննդօգնությունը՝ կոնսուլտացիայից մինչեւ ծնունդ, նաեւ ինչպես են կազմակերպված լաբորատոր ծառայությունը, ինֆեկցիաների կանխարգելումը, պատվաստումը, մի խոսքով՝ այն ամենը, ինչ կապված է ծննդօգնության ապահովման հետ: Մանկաբարձների, գինեկոլոգների եւ առողջապահության կազմակերպման ոլորտների մասնագետներից կազմված հանձնաժողովը՝ Սերգեյ Խաչատրյանի ղեկավարությամբ, մի քանի օր աշխատել է հիվանդանոցում:
Հավելենք, որ մահացած Տաթեւիկ Գասպարյանի հարազատները կատարվածում մեղադրում էին «Սլավմեդի» բժիշկներին: Ըստ նրանց՝ վիրահատությունից մոտ 6 ժամ անց հերթապահ բժիշկը ուլտրաձայնային հետազոտություն է կատարել եւ ասել, որ ամեն ինչ կատարյալ է, արգանդը կրճատվում է: «Ավելի ուշ նա խոստովանեց, որ մասնագետ չէ եւ այնքան էլ չի հասկանում սոնոգրաֆիայից: Ժամը 1:20-ին վիրահատարան տարան՝ ասելով, որ ընդամենը մազանոթներն են պայթել… ժամը երեքին արդեն ասացին մեզ, որ գնանք արյուն բերելու»,- պատմել էր Տաթեւի մայրը:
Իսկ ինչ պատժի արժանացավ բժշկական կենտրոնը: Դեպքից մեկ տարի անց «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ամբաստանյալի աթոռին են հայտնվել «Սլավմեդ»-ի երկու աշխատակից:
Կարեն Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Սլավմեդ» ԲԿ-ում որպես մանկաբարձ-գինեկոլոգ՝ կեսարյան վիրահատության ենթարկված եւ հիվանդասենյակ տեղափոխված ծննդկան Տաթեւիկ Գասպարյանի նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք է դրսեւորել, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը:
Լիանա Դաղբաշյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Սլավմեդ» ԲԿ-ում որպես մանկաբարձ-գինեկոլոգ՝ 25.12.2015թ. հաշվառման է վերցրել եւ վարել Տաթեւիկ Գասպարյանի հղիությունը: Կեսարյան հատումից հետո իր մասնագիտական պարտականությունները իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը:
Այսպիսով՝ ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի ընտանիքին պատկանող ԲԿ-ի բժշիկները կա՛մ մասնագետ չեն, կա՛մ անբարեխիղճ են իրականացնում իրենց պարտականությունները: Իսկ այդ անբարեխղճությունը արժենում է մարդկային կյանք: Ասել է, թե բիզնես՝ մարդու կյանքի գնով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԶՐՈՅԱԿԱՆ ՎԻՃԱԿ ԿԼԻՆԻ
Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի եւ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի ղեկավար Էվելինա Ղուկասյանի պնդմամբ՝ այս տարի Սեւանա լճում խեցգետնի պաշարները կրկնակի կրճատվել են, եթե այս տեմպերով որսը շարունակվի, հիմա էլ կունենանք խեցգետնի պաշարների զրոյական վիճակ:
Մասնագետների գնահատմամբ՝ Սեւանա լճի ներկայիս վիճակը բավական լավ է, ջրի մակարդակը բարձրացել է, եւ հիմա հարկավոր են միջոցառումներ, որպեսզի նպաստեն ձկնապաշարների եւ խեցգետնի պաշարների ավելացմանը:
Բ. Գաբրիելյանի խոսքով՝ միայն համապատասխան ուսումնասիրությունները կատարելով եւ հասկանալով, թե որքան պաշար կա լճում, կարելի կլինի խոսել արգելանքների եւ այլ միջոցառումների մասին: Ըստ նրա՝ ուսումնասիրությունները այդ ուղղությամբ սկսվել են հոկտեմբերին եւ կավարտվեն դեկտեմբերի կեսերին, այդ ժամանակ էլ պարզ կլինի եւ հնարավոր կլինի խոսել հստակ թվերով:
Է. Ղուկասյանի խոսքով՝ բոլորը գիտեն, որ ձկնապաշարների կրճատման արդյունքում մարդիկ սկսել էին զբաղվել խեցգետնի վաճառքով, եւ եթե մինչ այդ կիրառվում էին կասպիական որսագործիքները, որոնց հիմքում ընկած էր խայծով որսը, եւ խայծի համար գնում էր մրցակցություն, ու ամենախոշոր ու ճարպիկ խեցգետնատեսակներն էին որսվում, իսկ ձագերը, թույլերը չէին դառնում որս, ապա այժմ կիրառվում են զսպանակավոր թակարդները, որոնց դեպքում խայծ չի օգտագործվում, եւ ցանկացած չափի կենդանի` ձվերով էգեր կլինեն, թե մանր, հիվանդ տեսակներ, անխտիր բռնվում են:
«Այստեղ տեղի է ունենում այն նույն գործընթացը, ինչը եղավ սիգի դեպքում, նման ձկնորսական պարագաներով որսի դեպքում դրանց պաշարները գրեթե այսօր զրոյի են հավասար»,-ասել է Բ. Գաբրիելյանը:
ԿԿԱՌՈՒՑՎԻ 20 ՏՈԿՈՍՈՎ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ելույթ ունենալով ԱԺ մշտական հանձնաժողովներում, 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշել է, որ 2018թ. Հայաստանից Վրաստան ուղղվող նոր սահմանային կամուրջը կկառուցվի 20 տոկոսով:
Նրա խոսքով՝ այս աշխատանքների համար 1,13 մլրդ դրամ (մոտ 2,3 մլն դոլար) կհատկացվի՝ նախագծի 3,4 մլրդ ընդհանուր արժեքի դեպքում: 2018թ. նախագծային աշխատանքները եւ կամրջի 20 տոկոսի շինարարությունն ամբոջությամբ կավարտվեն: Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետի մոտ նոր կամուրջը կփոխարինի հնին, որն ավելի նեղ է եւ քիչ տարողունակ:
ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԱԺ-Ի ԴԻՄԱՑ
Երեկ ՀՀ Ազգային Ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում «Առինջ Մոլ»-ի եւ «Սուրմալու» տոնավաճառի առեւտրականները: Նրանք պահանջում են փոփոխություն մտցնել հարկային օրենսգրքում եւ իրենց ազատել ավելորդ թղթաբանությունից, որը նաեւ ավելացնելու է իրենց հարկային բեռը: Նրանք նշում են, որ չեն խուսափում հարկեր վճարելուց, սակայն հիմա իրենց բեռն ավելանալու է, ստիպված են լինելու նոր աշխատակիցներ ներգրավել՝ այս գործընթացը կատարելու համար:
Ցուցարարների խոսքով՝ հարկային ծառայության աշխատակիցները պահանջում են յուրաքանչյուր ներկրած ապրանքի շարժի համար փաստաթուղթ ներկայացնել, ինչը, ըստ առեւտրականների, ավելորդ թղթաբանություն է, որի համար նրանք պետք է հավելյալ աշխատուժ վարձեն:
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ առաջ կային կարգոներ, որոնք մարդկանց ապրանքը բերում էին, իսկ հիմա դա չկա: «Առաջ ապրանքը բերում, տալիս էին կարգոներին, իսկ հիմա կարգոները միայն բեռնափոխադրմամբ են զբաղվում: Օրինակ՝ Թուրքիայում ապրանքը գնում ենք կիլոգրամը 3 դոլարով, բայց Հայաստանում ասում են՝ հատաքանակ արեք, եկեք, փաստաթղթով վերցրեք: Մենք առանց այն էլ սահմանի վրա վճարում ենք 20 տոկոս ԱԱՀ, բայց լինում է, որ ապրանքը չի վաճառվում: Չի կարելի այսքան հարկ տալ եւ ամեն օր տեռորի ենթարկվել: Հիմա մենք ուզում ենք հաստատագրված վճար եւ 1,5 տոկոսը մեկ պատուհանով մուծենք»,-մեկնաբանում են ցուցարարները: Առեւտրականները պահանջում են, որ իրենցից լրացուցիչ թղթաբանություն չպահանջեն, իրենք պատրաստ են վճարել հարկերը, բայց թղթաբանության համար ստիպված են լինելու հաշվապահ պահել, նրան վճարել եւ այլն: