Երբևէ որևէ մեկին չեմ սպառնացել. Վահե Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը վստահեցնում է, թե Երեւանից մարզկենտրոն տեղափոխվելու համար օգտվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ծառայություններից եւ միայն ղեկավարության հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվելու պատճառով: «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղարկել Սյունիքի մարզպետին՝ փորձելով հասկանալ՝ ի վերջո, միայն բարիդրացիական հարաբերություննե՞րն են պատճառը, թե՞, այնուամենայնիվ, մարզպետն իր անձնական միջոցներից գումարներ է ծախսում, ինչպես նաեւ ստանալ մի քանի այլ հարցերի պատասխաններ: Սյունիքի մարզպետարանից մեր հարցերին պատասխանել են գրավոր:

-«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ Դուք լինելով Սյունիքի մարզպետ՝ աշխատանքի եք հաճախում շաբաթվա մեջ ընդամենը 2-3 անգամ: Արդո՞ք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:

-Այն չի համապատասխանում իրականությանը։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ մարզպետի աշխատանքը չի կարող սահմանափակվել բացառապես իր աշխատասենյակում գտնվելու փաստով, ավելին՝ այն հաճախ ենթադրում է մարզի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակներով բազմաթիվ հանդիպումներ եւ այցեր մարզպետարանի վարչական շենքից, երբեմն նաեւ մարզից դուրս։

-Դուք ԱԺ-ում լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ պարզաբանեցիք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ուղղաթիռով եք երբեմն աշխատանքի գնում: Որպես մարզպետ, բացի բարիդրացիական հարաբերություններից՝ որեւէ գումար չե՞ք տրամադրում՝ ուղղաթիռի ծառայություններից օգտվելու համար: Մեկ թռիչքը, այնուամենայնիվ, ի՞նչ արժի:

-Երեւանից Կապան եւ հակառակ ուղղություններով ուղղաթիռի թռիչքներն իրականացվում են ԶՊՄԿ-ի պատվերով՝ կոմբինատի աշխատակիցներին տեղափոխելու համար։ Աշխատանքային գրաֆիկը համընկնելու դեպքում օգտվում եմ ուղղաթիռի՝ ՀՀ Սյունիքի մարզ եւ հակառակ ուղղությամբ չվերթերից։ Հաշվի առնելով, որ թռիչքների պատվիրատուն հանդիսանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», ուստի այդ ծախսերի վերաբերյալ տեղեկատվությանը չեմ տիրապետում։

-Մենք բազում ահազանգեր ենք ստանում, որ Դուք համայնքի ղեկավարներին սպառնում եք նստեցնել, եթե Ձեր ասածը գետնով տան: Ի դեպ, Սուրիկ Խաչատրյանն էլ էր սպառնում: Ինչո՞վ եք նրանից տարբերվում:

-«Բազում ահազանգերի» վերաբերյալ նշենք, որ ես, իհարկե, երբեւէ որեւէ մեկին չեմ սպառնացել։ Հավելենք, որ «նստեցնելու» կամ համայնքների ղեկավարների գործունեության վրա ազդեցություն ունենալու լծակ մարզպետն առհասարակ չունի, ուստի անիմաստ եմ համարում այդ ասեկոսեները։

-Դուք ահռելի հարստություն ունեք: Քանի՞ տարում եք կուտակել եւ ի՞նչ միջոցներով:

-Ինչպես հայտնի է՝ ես տարիներ շարունակ զբաղեցրել եմ ղեկավար պաշտոններ տարբեր կազմակերպություններում, ինչի արդյունքում էլ գոյացել է իմ ունեցվածքը, որը համակողմանի եւ ամբողջապես ներկայացված է իմ՝ գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրում։

-Ինչո՞ւ հայոց բանակում չեք ծառայել: Ձեր կենսագրության մեջ գրված է, որ 1 տարի աշխատել եք սահմանապահ զորքերում: Այս 1 տարին ծառայություն չէ:

-Ինչ վերաբերում է զինված ուժերում ծառայելուն, ապա նշեմ, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի (25 նոյեմբերի 1991 թ. Ն-0445-I խմբագրությամբ) 13-րդ հոդվածի համաձայն՝ ժամկետային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում էր 24 ամիս, բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար` 18 ամիս: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես զինվորական ծառայության եմ անցել բարձրագույն կրթություն ստանալուց հետո, ապա ծառայել եմ 18 ամիս։

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս