Նախազգուշացման ինստիտուտ կստեղծվի. Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված աղմկահարույց նախագիծը կառավարությունը հաստատեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ ընտանեկան բռնեության կանխարգելմանն ուղղված աղմկահարույց նախագիծը, որի անվանումը փոփոխվել է`դառնալով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծ:

Հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին տարիներին ընտանիքում բռնության տարածվածությունը և դրա ծանր հետևանքներն ավելի և ավելի մտահոգիչ են դառնում: Միայն պաշտոնական վիճակագրության համաձայն` 2017 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում գրանցվել է ընտանիքում բռնության 602 դեպք, 2016թ.՝ 756, 2015թ.` 784, 2014 թ.՝ 678, 2013թ.՝ 729, 2012թ.ին՝ 728 միջադեպ: Ավելին, ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին ընտանիքում բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17 տոկոսը:

Բացի այդ, 2015 թվականի միայն առաջին կիսամյակում անչափահասների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցվել է 38 քրեական գործ, որոնցից 47 տոկոսը գործադրվել է ընտանիքի անդամի կողմից: Միևնույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ ընտանիքում բռնությանը հատուկ է լատենտայնության բարձր մակարդակը, ինչը նշանակում է, որ ընտանիքում բռնության իրական պատկերն էլ ավելի մտահոգիչ է: Մասնավորապես, միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում ընտանիքում բռնությունն ավելի տարածված է (օրինակ՝ ԵԱՀԿ օժանդակությամբ «Պրոակտիվ հասարակություն» ՀԿ-ի կողմից անցկացված հարցման համաձայն՝ հարցվողների 59.6%-ը իրենց կյանքի ընթացքում ենթարկվել է ընտանիքում բռնության, իսկ հասարակական կազմակերպությունների տվյալների համաձայն՝ 2010-2015 թվականների ընթացքում ընտանիքում բռնության արդյունքում սպանվել է 30 կին):

Նախագծում նշված է, որ առաջարկվում է նախազգուշացման ինստիտուտ ստեղծել, որը կիրառվում է առաջին անգամ ընտանիքում բռնություն գործադրելու դեպքում, եթե արարքում հանցակազմի հատկանիշներ չկան, և ընտանիքում բռնության ենթարկվածի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ չի սպառնում: «Սա թույլ է տալիս վերոնշյալ անձանց վերցնել կանխարգելիչ հաշվառման և նրանց պարբերաբար այցելելու միջոցով կանխել բռնության նոր դրսևորումները: Ընտանիքում բռնության ենթարկվածների պաշտպանության և սոցիալական աջակցության նպատակով Նախագծով սահմանվում է ապաստարաններ ստեղծելու կամ ապաստարանների գործունեությանն աջակցելու` պետության պարտականությունը: Ապաստարանների (ժամանակավոր օթևան) ստեղծման և դրանց գործունեության կարգն արդեն իսկ հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ», – նշեց նա:




Լրահոս