Գոշավանքի նորոգման ավարտը չի երևում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 19-ին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այցելեց Գոշավանք եւ ծանոթացավ վանական համալիրի նորոգման ընթացքին: Գոշավանքի վերանորոգումը ընթանում է արդեն շուրջ 5 տարի, սակայն աշխատանքների փոքր մասն է մինչ օրս արված: Մոտ մեկ տարի է՝ Գոշավանքում վերանորոգման աշխատանքներն իրականացնում է շինարարական նոր կազմակերպություն: Գոշի դամբարանի եւ դրա շրջակայքի վերանորոգումն ավարտվել է:

Մինչ այժմ Գոշավանքի եւ դամբարանի նորոգման համար ծախսվել է 55.5 միլիոն դրամ, այս տարի հատկացվել է 17 միլիոն դրամ: Ընդհանուր առմամբ՝ Գոշավանքի նորոգման, ամրացման համար նախատեսված է ծախսել շուրջ 120 միլիոն դրամ: Գոշավանք պատմաճարտարապետական արգելոցի նախկին տնօրեն Արծրուն Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերանորոգման նպատակով եկեղեցու ծածկի սալերը մերկացրել են, անձրեւաջրերը լցվում են ներս, վնասում կրի շաղախով պատերը: Ըստ նրա՝ հարկավոր էր բացել ծածկի այն հատվածի սալերի մակերեւույթը, որոնք կհասցնեին նորոգել:

Նա մտահոգված է իր ստեղծած թանգարանի հետագա ճակատագրով: 1985թ. հիմնված թանգարանը տեղավորված էր վանական համալիրի տարածքում գտնվող տնակում: Նախկինում թանգարանը փակվել է, շուրջ 300 ցուցանմուշները տարվել են Դիլիջան: Արմեն Ամիրյանը վստահեցրեց, որ ցուցանմուշները պահպանվում են, թանգարանի համար որոշակի պայմաններ պետք է ապահովել, 2018թ. Գոշավանքի լանջի ներքեւի հատվածում արդի պահանջներին համապատասխան՝ թանգարանի շինարարությունը կսկսվի: Նախարարն ասաց, որ շինարարական աշխատանքները վերահսկելու համար Գոշավանքում առնվազն 3 տեսախցիկ կտեղադրվի, առցանց կհետեւեն վերանորոգմանը, որպեսզի շինարարներն անհարկի չձգձգեն աշխատանքների ընթացքը:

Հայ առաքելական եկեղեցին, որի հաշվեկշռում է գտնվում Գոշավանքը, տարեկան մեծ եկամուտ է ստանում արտասահմանցի եւ հայաստանցի հազարավոր զբոսաշրջիկների՝ Գոշավանք այցերից:

Վանական համալիրի գավթում վաճառվող մոմերի գները սկսվում են 60 դրամից, Աստվածաշունչը վաճառվում է 5 հազար դրամ, իսկ ավելի շքեղ տարբերակը` 25 հազար դրամով: Գոշավանքում, բացի կրոնական գրքերից, խաչերից, մատանիներից, բացիկներից եւ այլ հուշանվերներից, վաճառվում են նաեւ Տավուշի թեմում պատրաստված մեղր, (մեկ կիլոգրամը 5000 դրամով), տարբեր մուրաբաներ` հոն, ֆեյխուայի եւ այլն: ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանից հետաքրքրվեցինք, թե ինչու Հայ առաքելական եկեղեցին Գոշավանքի նորոգման համար ֆինանսական ներդրում չի կատարում: Նա ընդամենը պատասխանեց, որ Գոշավանքի նորոգման գործում ոչ միայն եկեղեցու, այլեւ ցանկացած ֆիզիկական եւ իրավաբանական անձի ներդրումը իրենք կողջունեն:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս