ՖՈՏՈ. «Մանկական Եվրատեսիլ»-ի մեր մասնակցին պարային ֆլեշ մոբով աջակցություն են հայտնել հարազատ դպրոցի աշակերտները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանկական Եվրատեսիլ 2017» միջազգային մրցույթին ընդառաջ, այսօր՝ նոյեմբերի 24-ին, Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան համար 3 միջնակարգ դպրոցի շուրջ 150 աշակերտների մասնակցությամբ կայացել է «Բարությունն ուժ է» խորագրով պարային ֆլեշ մոբ:

Ֆլեշ մոբի մասնակիցները պարել են «Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը ներկայացնող Միքայել Գրիգորյանի (Միշա) «Բումերանգ» երգի ներքո՝ իրնեց աջակցությունը հայտնելով նրա հաղթանակին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի փոխտնօրեն Մարինա Գրիգորյանն ասել է, որ հպարտ են, քանի որ «Մանկական Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան ներկայացուցչն իրենց դպրոցի 4-րդ դասարանի աշակերտն է: «Այս ֆլեշ մոբով ցանկանում ենք ոգևորել Միշային: Հաջողություններ ենք մաղթում նրան և ուզում ենք ևս մեկ անգամ ասել, որ հաղթական տրամադրությամբ նրա կողքին ենք»,- ասել է Մ. Գրիգորյանը և ավելացրել, որ Միշան խելացի, աշխատասեր, պարտաճանաչ աշակերտ է:

Նշենք, որ 9-ամյա Միշան իր երաժշտական ճանապարհը սկսել է Լիրա Քոչարյանի ղեկավարած «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ հնարավորություն է ստացել ելույթ ունենալ տարբեր երկրներում պրոֆեսիոնալ երգիչների հետ: Միշան 2016 թվականին մասնակցել է «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթում և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ը այս տարի կանցկացվի նոյեմբերի 26-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Մրցույթն կանցկացվի 15-րդ անգամ՝ «Շողա պայծառ» («Shine Bright») նշանաբանի ներքո: Բացի Հայաստանից կմասնակցի ևս 15 երկրի ներկայացուցիչ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա, Վրաստան:

Հավելենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի օնլայն քվեարկության առաջին փուլը սկսվում է այսօր՝ նոյեմբերի 24-ին, www.junioreurovision.tv կայքում:




Լրահոս