«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին նոր մեղադրանք է առաջադրվել: Նա մեղադրվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու և դատավոր Արտուշ Գաբրիելյանի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու մեջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը, փոխանցում է «Ազատություն»-ը:
«09.2017 թվականին Քննչական կոմիտեի Ավան և Նոր-նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից որոշում է կայացվել Պավել Մանուկյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3-րդ մասով։
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Գաբրիելյանի վարույթում քննվող քրեական գործով 2017 թվականի հուլիսի 26-ին Ավան և Նոր-նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում կայացված դատական նիստի ժամանակ հիշյալ գործով ամբաստանյալ Մանուկյանը՝ չենթարկվելով նիստը նախագահող դատավորի օրինական կարգադրություններին, շարունակել է առանց վերջինիս թույլտվության խոսել, իսկ նիստը նախագահող Գաբրիելյանի կողմից՝ իրեն դատական նիստերի դահլիճից 10 ժամով հեռացնելու վերաբերյալ դատական սանկցիա կիրառելուց հետո ոտնձգել է արդարադատության մարմինների նորմալ գործունեության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններին, ինչպես նաև դատավորի պատվի ու արժանապատվության դեմ անհարգալից վերաբերմունք է ցույց տվել դատարանի նկատմամբ՝ նիստը նախագահող դատավորին անվանելով «ցռան մոզի», – ըստ Ինեսա Պետրոսյանի, ասված է որոշման տեքստում։
Փաստաբանը նշեց, որ Պավել Մանուկյանը հրաժարվել է ծանոթանալ գործին, որևէ ցուցմունք չի տվել, որևէ թղթի տակ չի ստորագրել։