«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « Երեկ Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Իսկ Սերժ Սարգսյանը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կանգնել էին նրանց գլխավերեւում՝ որպես փաստաթղթի երաշխավորներ:
Հայաստանի քաղաքական դաշտը երեկ, շունչը պահած, սպասում էր այս փաստաթղթի ստորագրմանը: Կասկածից վեր է, որ այս համաձայնագրի ստորագրումը Հայաստանի քաղաքական կյանքում վերջին տարիներին տեղի ունեցած ամենակարեւոր իրադարձությունն է:
Բայց մյուս կողմից այս փաստաթղթի հետ կապված դրական ակնկալիքները չափազանցված են եւ շատ շուտ կմարեն: Ինչո՞ւ, որովհետեւ 2015թ. դեկտեմբերի 21-ին 18 միլիոնանոց բնակչություն ունեցող, ԵԱՏՄ անդամ երկիր Ղազախստանը նմանատիպ պայմանագիր ստորագրել է ԵՄ-ի հետ, բայց առ այսօր ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ կամուրջ չի դարձել:
Սակայն հարկ է նկատել, որ այս համաձայնագրի ստորագրումը էական ազդեցություն կունենա Հայաստանի հետագա քաղաքական կյանքի վրա: Բանն այն է, որ այս համաձայնագրի ստորագրմամբ Սերժ Սարգսյանը կատարեց եվրոպական կառույցներին դեռեւս 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններից հետո տված իր խոստումը: Այսպիսով՝ եվրոպական կառույցները առանձնապես դեմ չեն լինի Սերժ Սարգսյանի 2018-ի ապրիլի 9-ից հետո «երրորդ ժամկետ» պաշտոնավարելուն՝ որպես ՀՀ վարչապետ»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: