Ինչ արժանիքների համար է Տարոն Մարգարյանը պարգևատրել Հենրիկ Նավասարդյանին և նրա ենթականերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կան պետական պաշտոնյաներ, որոնք չարած գործի, իսկ երբեմն նաեւ իրենց վստահված ոլորտը քանդելու համար անգամ պարգեւատրվում են: Երեւանում հասարակական տրանսպորտի ողբերգական վիճակը հանրահայտ փաստ է: Բայց արի ու տես, որ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը եւ նրա ենթակաները քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ 100 հազար դրամ պարգեւատրման են արժանացել:

«ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ այս տարվա հունիսի 14-ին ստորագրած հ.365-Ա կարգադրությունը, որով նա քաղաքապետարանի 7 աշխատակիցների պարգեւատրել է 100 հազարական դրամով: Պարգեւատրվողների ցուցակը գլխավորում է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, նրան հաջորդում է հասարակական տրանսպորտի կարգավորման բաժնի պետ Հարություն Մելքումյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետներ Կարեն Հակոբյանը եւ Էդուարդ Խուրշուդյանը: Ի դեպ, 100 հազար դրամի չափով պարգեւատրում ստացել են նաեւ երթեւեկության կարգավորման բաժնի պետ Արսեն Գասպարյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Էդգար Գալստյանը եւ գործավար Մարիամ Սիմոնյանը:

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանի՝ 2014-2017 թվականի ծրագրի տրանսպորտի ոլորտին առնչվող մասը տապալվել է: «Հետագայում կար նաեւ մեկ այլ ծրագիր մեկ միասնական օպերատորի միջոցով կազմակերպել ամբողջ քաղաքի տրանսպորտային երթեւեկությունը, որի ժամանակ միկրոավտոբուսներին պետք է փոխարինեին ավտոբուսները, դա նույնպես տապալվել է: Զարմանք են առաջացնում այդ պարգեւատրումները: Չեմ կարծում, որ պատասխանատուն տրանսպորտի վարչության պետն է, այլ քաղաքապետն է: Սա շատ ավելի խոշոր խնդիր է»,- նկատեց Տիգրան Ավինյանը: Ըստ մեր զրուցակցի` քաղաքապետարանի քառամյա ծրագրում տրանսպորտի մասով նշված էր նաեւ, որ պետք է միկրոավտոբուսները վերանան, իսկ տրոլեյբուսների, ավտոբուսների քանակը ավելանան: Ինչը եւս չի արվել: Ինչեւէ: Թե կոնկրետ որ արժանիքի համար է պարգեւատրվել տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հենց նրանից:

-Պարո՛ն Նավասարդյան, Դուք այս տարվա հունիսի 14-ին 100 հազար դրամով պարգեւատրվել եք: Կոնկրետ ո՞ր աշխատանքի համար են Ձեզ պարգեւատրել:

-Այդ հարցը տվեք նրան, ով որ պարգեւատրել է: Ես չեմ կարող ասել, թե ինչ համար եմ պարգեւատրվել:

-Գուցե պարգեւատրվել եք այն բանի համար, որ մարդիկ երթուղայիններում կռացած եւ խցկված են աշխատանքի գնում ու տուն վերադառնում…

-Գիտեք ինչ՝ Դուք Ձեր հարցերը գրավոր ներկայացրեք, եթե ինձ կհանձնարարեն, ես կպատասխանեմ: Եթե որոշում կայացնողը պետք է պատասխանի, ինքն էլ կպատասխանի: Պարզ չեմ ասում՝ գրե՛ք հարցերը, կպատասխանենք: Ես հիմա չեմ կարող պատասխանել Ձեր հարցերին:

Ինչեւէ, մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի վիճակը գնալով ավելի մտահոգիչ է դառնում, քանի որ միկրոավտոբուսները եւ ավտոբուսները գնալով ավելի են մաշվում, իսկ նորերի մասին խոսք էլ չկա: Ըստ ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի` Երեւանում գործող հասարակական երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների անվտանգության համակարգի մեխանիզմները մաշված են, իսկ փոխելու հնարավորություն չկա: Անվադողերը նույնպես մաշված են, ղեկային մեխանիզմները լավ չեն աշխատում: Իսկ նման անսարքությունների դեպքում ուղղակի անթույլատրելի է երթեւեկել:
Իհարկե, որքան էլ որ առաջին հայացքից անհասկանալի է, թե ինչու է Նավասարդյանին եւ իր ենթականերին Տարոն Մարգարյանը պարգեւատրել, մյուս կողմից էլ այս ամենը ունի շատ պարզ պատասխան: Բանն այն է, որ պարգեւատրմանը նախորդած ժամանակաշրջանում, իսկ ավելի կոնկրետ՝ ապրիլ եւ մայիս ամիսներին, Նավասարդյանը, նրա ենթակաները եւ քաղաքապետարանի ողջ աշխատակազմը զբաղված են եղել «ձայներ ապահովելով»: Հավանաբար տրանսպորտի վարչության աշխատակիցներն այդ գործում առանձնապես են աչքի ընկել, դրա համար էլ Տարոն Մարգարյանը որոշել է նրանց առանձնահատուկ շնորհակալություն ասել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս