Նոյեմբերի 24-ին ՀՀ բենզալցակայաններում 10 դրամով թանկացավ բենզինը. ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը 400 դրամից թանկանալով՝ դարձավ 410 դրամ, իսկ պրեմիումը` 420-ից՝ 430 դրամ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար` 4.2 եւ 2 տոկոսով (մեկ լիտրը՝ 10 դրամով): Իսկ ահա նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ՝ մեր հանրապետությունում բենզինը թանկացել է 7.2 տոկոսով (մեկ լիտրի հաշվարկով հնաճը կազմել է մոտ 30 դրամ): Օրինակ՝ այս տարվա հունվարի վերջին ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվել է 370 դրամով, իսկ պրեմիումը` 390-ով:
Սովորաբար ամեն անգամ, երբ միջազգային շուկայում նավթի գինը բարձրանում է, Հայաստանում անմիջապես բենզինի գինը բարձրանում է, սակայն, էժանացումների դեպքում մեր բենզինի շուկան նույն օպերատիվությամբ չի արձագանքում: Սակայն այս վերջին թանկացումները նախորդներից տարբերվում են, քանի որ վերջին շրջանում նավթի համաշխարհային գները լուրջ փոփոխության չեն ենթարկվել: Միջազգային շուկայում նավթի մեկ բարրելը վաճառվում է 60-70 դոլար: Մյուս կողմից էլ, ինչպես հայտնի է` Հայաստան հիմնականում Ռուսաստանից է բենզին ներկրվում, որտեղ եւս գնային փոփոխություններ տեղի չեն ունեցել:
Գաղտնիք չէ, որ Հայաստանում բենզինի շուկան լիարժեք մոնոպոլիզացված է, այսինքն՝ բենզինի ներկրման ոլորտում մրցակցություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Բենզինի ներկրմամբ զբաղվող ընկերությունները գնային քաղաքականություն վարելու իրավունք փաստացի չունեն: Ներկայումս գործող համակարգը հաստատվել եւ գործում է դեռեւս 2000 թվականից: Բենզինի շուկայում մրցակցություն ծավալվել է հեռավոր՝ 1999 թվականի երկրորդ կեսին՝ երջանկահիշատակ Սպարապետ Վազգեն Սարգսյանի վարչապետության ամիսներին: Նրա սպանությունից հետո բենզինի շուկան կրկին մոնոպոլիզացվեց, եւ կրկին սկսվեց գինը մեկ կետից թելադրվել:
Ուստի, հարց է ծագում՝ առանց որեւէ պատճառի ինչո՞ւ է որոշվել բենզինի գինը բարձրացնել: Այս հարցի պատասխանը, թերեւս, թաքնված է Հայաստանի տնտեսությունում սպասվող այն փոփոխությունների ներքո, որոնք կապված են եկող տարվա հունվարի 1-ից հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու հետ:
Ինչպես հայտնի է՝ հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո բենզինի, ծխախոտի, ալկոհոլային խմիչքների եւ սեղմված գազի դեպքում ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրանալու են:
Ի դեպ, տեղեկացնենք, որ բենզինի համար ակցիզային հարկի եւ ավելացված արժեքի հարկի միասնական դրույքաչափը կսահմանվի 120 հազար դրամ մեկ տոննայի համար, դիզելային վառելիքի համար՝ 32 հազար 500 դրամի փոխարեն` 35 հազար դրամ, ավտոգազալցման կայանների կողմից իրացվող սեղմած գազի 1000 խորանարդ մետրի համար` 8330 դրամ: Ասել է, թե բենզինի ակցիզային հարկը 7 տոկոսով բարձրանալու է, ինչը ենթադրում է, որ բենզինի մեկ լիտրի դեպքում կարող է մինչեւ 30 դրամ թանկանալ:
Կարծիքներ կան, որ բենզին ներկրողները դեռեւս սեպտեմբերից սկսել են բենզինի գինը աստիճանաբար բարձրացնել, որպեսզի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումից հետո ստիպված չլինեն լրացուցիչ շրջանառու միջոցներ ներդնել: Այլ կերպ ասած՝ նրանք բենզինը վաճառում են արդեն իսկ թանկ գնով եւ այդպիսով լրացուցիչ եկամուտներ են ստանում: Այդ գումարներով էլ հետագայում կփոխհատուցեն ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացմամբ պայմանավորված ծախսերը: Մյուս կողմից էլ՝ եկող տարվա սկզբին կտրուկ թանկացում տեղի չի ունենա, եւ սպառողներն էլ վաղուց արդեն բենզինի թանկ գներին ընտելացած կլինեն: Ենթադրվում է, որ մինչեւ տարեվերջ բենզինը էլի կթանկանա:
Ի դեպ, բենզինը այն ապրանքատեսակներից է, որի գնի փոփոխությունն ազդում է երկրի ընդհանուր տնտեսության վրա: Այլ կերպ ասած՝ բենզինի գնի թանկացումը, ի վերջո, հանգեցնում է նաեւ լայն սպառման այլ ապրանքների թանկացմանը:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից փորձեցինք պարզել, թե արդյո՞ք իրենք կարող են պարզաբանել, թե ինչով են պայմանավորված բենզինի վերջին թանկացումները: Ի պատասխան՝ ՀՀ ՏՄՊՊՀ-ից մեզ փոխանցեցին. «Հանձնաժողովը մոնիթորինգ է իրականացնում, որից հետո միայն կկարողանա տեղեկություն տրամադրել շուկայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ»:
Սյունէ Համբարձումյան