Բռնությունն օմբուդսմենի համար իրավունքի խախտում չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի «Ելք» խմբկացության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ԱԺ միջանցքում Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա: Հաջողությամբ պաշտպանվեցի»: Արտաշես Գեղամյանը հերքել էր տեղեկությունը՝ ասելով, որ եթե ինքը հարվածած լիներ, Նիկոլ Փաշինյանը կլիներ հիվանդանոցում:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը ականատես եղած մարդկանցից միջադեպի մանրամասները պարզել էր. «Մի հատ տվեց Նիկոլին, Նիկոլը թեքվեց, վայ արա՛, էս ինչ ես անում, ուզում էս՝ ձեռ-մեռ քցե՞ս: Մեկ էլ Գեղամյանը՝ քացով…: էդ ոնց էր գալիս, թռնում ոտով… լավ է՝ չընգավ, մեծ մարդ էր… Առանց կատակի, մի 5-6 րոպե իրար՝ է՛լ բոքս, է՛լ ճլոտի, է՛լ քացով, էն որ հիմա բոքսեր են ցույց տալիս՝ բոյ բեզ պրավիլ, ա՛յ, այդպես բոյ էր գնում: Նիկոլն էլ ակտիվ պատասխան հարվածներ էր հասցնում ոտով, ձեռքերով»:

Տեղի ունեցած միջադեպի վրա աչք փակեց նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը՝ նշելով, թե կատարվածը կրում է մասնավոր հետապնդման գործի բնույթ. «Ուստի եւ ներառված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված՝ տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործերի շարքում: ՀՀ գլխավոր դատախազությունում ենթադրյալ միջադեպի մասնակիցներից քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ բողոք կամ հաղորդում չի ստացվել, ուստի դրա կապակցությամբ քրեադատավարական վարույթ չի սկսվել»:

Դատախազության պատասխանը, ինչքան որ սպասելի էր, այնքան էլ՝ անակնկալ, ինչո՞ւ, որովհետեւ տեղի է ունեցել ակնհայտ խուլիգանություն (դեռ ծեծը չհաշված), որը քրեորեն պատժելի արարք է՝ հատկապես եթե կա այդ մասին հրապարակային հայտարարություն: Սակայն դատախազությունը ոչինչ չարեց, քանի որ դժվար կլիներ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորին զրկել խորհրդարանում անձեռնմխելիությունից՝ իրավական գործընթաց սկսելու համար:

Այս առիթով փաստաբան Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե չի կարելի իրավաբանությունն այս աստիճան ոտնատակ տալ եւ օրենքով մանիպուլյացիաներ անելով՝ ճշմարտանման պատասխան ներկայացնել: Ըստ փաստաբանի՝ առնվազն խուլիգանության հատկանիշներով քրեական գործ պետք է հարուցվեր:

Ու մինչ իրավապահ համակարգը աչք է փակում կատարվածի վրա, խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորները որոշել են միջադեպը դարձնել էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողովի քննարկման թեմա. «Նոր կանոնակարգով էթիկայի հանձնաժողովը պետք է ստեղծվի որպես ժամանակավոր հանձնաժողով՝ ըստ պահանջի: Հիմա դրա պահանջը կա, եւ մենք նախաձեռնությամբ հանդես կգանք ստեղծելու այդ հանձնաժողովը, որը կհետազոտի, կհետաքննի դեպքը եւ համապատասխան եզրակացությամբ հանդես կգա»:

Իսկ ի՞նչ է անում այս առիթով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ինչո՞ւ օմբուդսմենը որեւէ կերպ չարձագանքեց միջադեպին, ի վերջո, պատգամավորի վրա հարձակում էր եղել, ու այդ մասին պատգամավորը հայտարարել էր Ազգային ժողովի ամբիոնից:

-Պարո՛ն Թաթոյան, ինչո՞ւ չարձագանքեցիք Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ հարձակվել են իր վրա: Որպես պաշտպան՝ որեւէ գնահատական չտվեցիք կատարվածին:

-Ինչ վերաբերում է ցանկացած տեսակի բռնությանը, Մարդու իրավունքների պաշտպանի համար չի կարող ընդունելի լինել, ցանկացած տեսակի:

-Այդ դեպքում ինչո՞ւ չարձագանքեցիք:

-Կոնկրետ իրավիճակի հետ կապված չենք տվել գնահատական, որովհետեւ միջադեպի մանրամասներին տեղյակ եմ մամուլից, լրատվամիջոցներից, եւ կարծում եմ՝ այդ պահին Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների գործադրման որեւէ առիթ կամ անհրաժեշտություն չի եղել:

-Մամուլի հրապարակումը հիմք չէ՞ր Ձեզ համար՝ խորանալու կատարվածի մեջ, եթե մամուլն է գրել, Դուք էլ անելիք չունե՞ք:

-Շատ լավ, հետագայում, եթե չեմ սխալվում, պարոն Փաշինյանը դիմել էր…, թե չէ, չեմ հիշում այդ պահը, բայց Մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից այդտեղ լիազորությունների գործադրման անհրաժեշտություն չի եղել:

-Այսինքն՝ ստացվում է, եթե ես Ազգային ժողովում ցանկանամ, կարող եմ հարձակվել ու բռունցքներով հարվածել ցանկացած մեկի՞: Ու եթե տվյալ անձը չբողոքի, ես կմնամ անպատի՞ժ:

-Չէ՛, չեղավ:

-Ինչո՞ւ չեղավ:

-Պետք է կոնկրետ հանգամանքների մեջ խորանալ, հասկանալ, թե քննարկում եղե՞լ է, չի՞ եղել, դիմում եղե՞լ է, չի՞ եղել, դա արդեն ուրիշ հարց է:

-Ի՞նչ քննարկում, ի՞նչ դիմում, պատգամավորը հստակ ասել է՝ ինձ վրա հարձակվել են բռունցքներով:

-Տեսե՛ք, մարդու իրավունքների պաշտպանին ո՛չ հասցեագրված դիմում է եղել, ո՛չ էլ ակնկալիք կա այդ իմաստով:

-Պարտադի՞ր է Ձեզ դիմում լինի, քաղաքացին հայտարարել է հրապարակավ:

-Բա իհարկե, խոսքը, եթե վերաբերում է քաղաքական մարմնում տեղի ունեցած հնարավոր միջադեպին, ասենք, թեկուզ լրատվամիջոցներից ենք տեղեկանում, եթե մենք դիմում չունենք, առավելեւս եթե մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդտեղ չեն ունեցել առիթ միջամտելու, այդ դեպքում ինչպե՞ս կարող է Մարդու իրավունքների պաշտպանը կոնկրետ դեպքին արձագանքել:

-Չե՞ք կարծում, որ կատարվածին համարժեք գնահատական չտալը կարող է նոր այդպիսի դեպքերի առիթ դառնալ. ով ում վրա ցանկանա, հարձակվի եւ բռունցքներով հարվածի:

-Չէ՛, իհարկե չէ, ես որքան գիտեմ՝ դա հարթվել է, ուշադիր չենք եղել, այս պահին չեմ հիշում: Բայց միջադեպով պայմանավորված՝ որեւէ զարգացում էլ չեղավ, որովհետեւ, որքան հիշում եմ, քննարկվել, լուծվել էր պատգամավորների միջեւ, եթե չեմ սխալվում: Դրանով պայմանավորված՝ մեր միջամտության անհրաժեշտությունը չի էլ եղել:

-Արդյո՞ք Արտաշես Գեղամյանի անձը չէ պատճառը, որ չարձագանքեցին կատարվածին:

-Չէ՛, չէէէ, իհարկե չէ: Ինձ համար որեւէ նշանակություն չունի՝ կոնկրետ սուբյեկտն ով է: Ինձ համար կարեւորը՝ իրավիճակը վերաբերելի լինի մեր իրավասությանը:

Քնար Մանուկյան




Լրահոս