Երգիչ Սեբուի հաղորդման հիման վրա ձերբակալված ոստիկանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար. նա կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության ավագ տեսուչ Հ. Գրիգորյանը ՃՈ ավագ տեսուչ Տ. Խաչատրյանի հետ, վարորդի սթափությունը ստուգելու նպատակով, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում կանգնեցրել են Հ. Սիմոնյանի կողմից վարվող Կիա մակնիշի ավտոմեքենան:

Վարորդից տեղեկանալով, որ նախորդ օրն ալկոհոլ է օգտագործել, վերջինիս սթափության վիճակը չստուգելու, ապա նաև` վարչական իրավախախտման համար համապատասխան արձանագրություն չկազմելու համար, ՃՈ տեսուչներն ընդունել են ավտոմեքենայի ուղևոր Լ. Բաղդասարյանի կողմից կաշառքի առաջարկը:

Ոստիկան Հ. Գրիգորյանը, կաշառք ստանալու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Տ. Խաչատրյանի հետ, ավտոմեքենայի ուղևորից ստացել է 56.800 ՀՀ դրամին համարժեք 100 Եվրո կաշառք և թույլատրել շարունակել երթևեկել:

Այսպիսով, նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար ՃՈ ավագ տեսուչ Հ. Գրիգորյանին 29.11.2017թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նույն օրը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հիշյալ ոստիկանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս