«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « Մարզային բժշկական կենտրոնների եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջեւ նոր կռիվ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստանի մարզերի մի քանի հիվանդանոցներ հայտնվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «սեւ ցուցակում»: Պատճառը սպառած գազի դիմաց բժշկական կենտրոնների կուտակած պարտքերն են, որոնք բռնագանձելու համար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել է դատարան: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վայոց ձորի ԳԳՄ-ն դիմել է Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի՝ պահանջելով, որ դատարանը պարտադրի բժշկական կենտրոնին վճարել սպառած գազի դիմաց շուրջ 2,5 միլիոն դրամը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մյուսը հայցը «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի դեմ է, որից էլ «Գազպրոմը» պահանջում է գանձել կրկին 2 միլիոն դրամ: Այսքանով ամեն ինչ չի ավարտվում, պարզեցինք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի շատ հայցերն էլ դատարանը բավարարել էր եւ արձակել էր վճարման կարգադրություն, մասնավորապես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դատի էր տվել «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին 857 հազար դրամի համար, եւ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր հայցը եւ վճարման կարգադրության վճիռ էր հրապարակել: Մասիսի ԲԿ-ն եւս հայտնվել էր սեւ ցուցակում, նրանից էլ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պահանջել էր կրկին 2 միլիոն 368 հազար 721 դրամ, որը եւս դատարանը բավարարել էր: Ստեղծվել է մի իրավիճակ, որ մարզային բժշկական կենտրոնները այն վիճակում են հայտնվել, որ անգամ չեն կարողանում վճարել սպառած գազի գումարը, իսկ թե այս պայմաններում ինչպես պետք է նրանք հիվանդանոց դիմած քաղաքացիներին օգնեն, դժվար չէ կանխատեսել»:
Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: