«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը դեռեւս շարունակում է մնալ օդից կախված: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ սպանության նախապատրաստության դեպքի բացահայտումից անցել է 6 ամիս, սակայն մինչ օրս գործով կալանավորվածների մի մասը հրաժարվում է ցուցմունք տալ եւ բարձրաձայնում է՝ քրեակատարողական հիմնարկում իրենց անվտանգության մասին նշելով: Եւ մինչ օրս օդից կախված է մնում հարցը, թե ովքեր էին կանգնած այս սպանության նախապատրաստության հետեւում, ասել է՝ ով կամ ովքեր էին պատվիրատուները:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին իրավապահների կողմից կանխվել էր Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու գործընթացը: Սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 35-104 հոդվածի՝ սպանության նախապատրաստություն եւ 235 հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենքը պահելը, կրելը: Հիշեցնենք նաեւ, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի: Երեք անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Եվս մեկ անձ ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել եւ հայտնաբերվել էր դեպքից մի քանի օր անց:
Ըստ մամուլի հրապարակումների՝ այս միջադեպի հետեւում կանգնած է քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանը (Արտյոմ Կանեւսկո):
Հավելենք, որ այս գործով քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը` Դոն Պիպոն, ճանաչվել է տուժող»:
Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: